Հաշվի առնելով այն փաստը, որ ջավախքցիների մեծ մասն իրենց ընտանիքներն է պահում արտագնա աշխատանքի մեկնելով, հիմնականում՝ Ռուսաստանում, Վրաստանում քննարկվում է բնակիչներին գումար վաստակելու համար երկրից մեկնելու թույլտվության հարցը։ Օրերս Վրաստանի քաղաքացիներին հնարավոր կլինի մեկնել Հայաստան՝ Նինոծմինդա-Բավրա սահմանային անցակետով, այնտեղից էլ՝ նշանակման երկիր:
Մանրամասները, թե որ պետք է դիմել մեկնելու թույլտվություն ստանալու համար, ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն եւ ինչպես, JNEWS-ը կհրապարակի իր հաջորդ նյութերում, երբ կհստակեցվեն այն ընթացակարգերը, որոնք պետք է անցնել մեկնելու համար:
Պետք է նշել, որ Վրաստանը 2020թ. մարտից փակել է իր սահմանները օտարերկրյա քաղաքացիների համար: Մուտքը և ելքը Վրաստանից իրականացվում է միայն հատուկ դեպքերով, միայն ԱԳՆ թույլտվությամբ՝ յուրաքանչյուր դեպքում առանձին։ Փետրվարի 1-ից այդ կարգավորումները հեշտացվել են միայն օդային հաղորդակցության համար:
Հայաստանի Հանրապետությունն իր ցամաքային սահմանները բացել է դեռևս հունվարի կեսերին՝ օտարերկրյա քաղաքացիների մուտքը բացասական թեստով։ Սակայն Վրաստանի քաղաքացիները չէին կարող հատել սահմանը, քանի որ Վրաստանը երկրից դուրս չէր թողնում իր քաղաքացիներին, բացառությամբ հատուկ դեպքերի: Արտագնա աշխատանքի մեկնողների համար Վրաստանում որոշել են հատուկ դեպքերում քաղաքացիների մեկնումը Հայաստան հնարավոր դարձնել: Մանրամասները պարզ կլինի առաջիկա օրերին: