400-ից ավելի լրատվամիջոցներ և հասարակական կազմակերպություններ համարում են, որ այսպես կոչված գործակալների օրենքի ընդունումը անհնարին կդարձնի ԵՄ անդամակցության բանակցությունների բացումը: Այդ պատճառով «Այո՝ Եվրոպային, ոչ՝ ռուսական օրենքին» կարգախոսով նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Ի աջակցություն նրանց, բաց նամակով հանդես են եկել նաև Հայաստանի հասարակական կազմակերպությունները։

Հայտարարության մեջ նշվում է.
«Մենք՝ վրացական ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները, կտրականապես դեմ ենք իշխանությունների կողմից նորից առաջ քաշված ռուսական օրենքին։ «Վրացական երազանքի» սեփական խոսքի դրժումը և մարդկանց խաբելն ուղղված են ոչ միայն վրացական լրատվամիջոցների և վրացական հասարակական կազմակերպությունների, այլև յուրաքանչյուր քաղաքացու և Վրաստանի եվրոպական ապագայի դեմ»։

Հայտարարության մեջ նշվում է, որ վրացական ոչ կառավարական կազմակերպություններն օգնում են մարդկանց. «Ռուսական այս օրենքի ընդունումը խոցելի կդարձնի բռնության զոհ դարձած երեխաներին և կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, գիտնականների, աշխատողների և երիտասարդների: Դա կարգելակի օգնությունը սոցիալապես անապահով ընտանիքներին, ֆերմերներին, տեղահանվածներին, անօթևաններին և իրենց իրավունքների համար պայքարող խիզախ մարդկանց»:

Հայտարարության համաձայն, իշխանությունը ցանկանում է, որ անտեսվեն մարզերում ապրող մարդկանց ձայնը, որոնք տեղական անկախ լրատվամիջոցների միջոցով հանրությանը տեղեկացնում են իրենց ծանր վիճակի մասին:

Ստորագրող ԶԼՄ-ների և ՀԿ-ների ցանկին ծանոթանալու համար կարող եք գնալ այս հղումով:

Հիշեցնենք նաև, որ Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները եւ դրանց ներկայացուցիչները իրենց աջակցությունն են հայտնել Վրաստանի քաղաքացիական հասարակությանը՝ կապված իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը երկրորդ անգամ խորհրդարանում քննարկելու դեմ տարվող պայքարի հետ։

«Սույն նամակով մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու անհատները, Ձեզ հայտնում ենք մեր խորը համերաշխությունը։ Մենք աջակցում ենք ձեզ՝ Վրաստանի կառավարության կողմից կանանց քաղաքական մասնակցության սահմանափակման եւ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վերաքննարկման տեսքով քաղաքացիական ազատությունները եւ մարդու հիմնարար իրավունքները սահմանափակելու ջանքերի դեմ ձեր քաջ դիմակայության համար։
(…)
Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ ձեզ այլ նախաձեռնություններով աջակցելուն, որոնք դուք օգտակար եք համարում», – գրված է հայտարարության մեջ, որը ստորագրել են ավելի քան 30 կազմակերպություններ և տարբեր ծրագրերի ներկայացուցիչներ։

Նշենք նաև, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «գործակալների օրենքը» անվանել է «ռուսական օրենք», և մեղադրել է «Վրացական երազանքի» կառավարությանը ռուսական ուղղությանը հետևելու համար։