Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղական գրադարանների գրքային ֆոնդը, որը խորհրդային տարիներից մնացել էր լքված տներում ու փչանում էր, հանձնվել է որպես թղթաթափոն։ Այդ գրքային ֆոնդի մի մասը հանձնվել է անցյալ տարի, իսկ մյուս մասը կհանձնվի այս տարի։
Գյուղական գրադարանների գրքային ֆոնդերը, որոնք փակվել էին Խորհրդային Միության փլուզումից հետո, դրված էին դատարկ, լքված շենքերում, և գտնվում էին անմխիթար վիճակում։ Այս տները տարիներ շարունակ փակ են եղել, չեն բացվել, չեն օդափոխվել։ Գրքերը խոնավությունից բորբոսնել են, փտել ու փչացել։
Այդ գյուղերի գրադարանավարները դեռ վաղուց էին առաջարկում գրքային ֆոնդը փոխանցել Ախալքալաքի գրադարանային միավորմանը (նախկինում՝ Կենտրոնական գրադարան), սակայն նրանք միշտ մերժում էին համապատասխան տարածքի բացակայության պատճառով։ Անցյալ տարի Գրադարանային միավորումն արդեն որոշում է փչացած գրքային ֆոնդը հանձնել որպես թղթաթափոն:
«Երբ գրադարանները փակվեցին, գյուղական գրքերը մնացին փակ տարածքում և դրանք փչանում էին, իսկ մենք այդ գրքերը, ինչպես նաև գործող մասնաճյուղերի հնացած և փչացած գրքերը հանձնում ենք որպես թղթաթափոն: Այդ ֆոնդից մենք լավ գրքերն ընտրեցինք, թողեցինք, իսկ մնացածը հանձնեցինք»,- ասաց Գրադարանային միավորման տնօրեն Թեկլե Վախթանգիշվիլին:
Գրքերի երկրորդ խմբաքանակի հանձնումը կսկսվի այս տարի։ Մնացել են Սուլդա, Կարծախ, Ֆիլիպովկա, Դավնիա, Դադեշ գյուղերի գրքերը։
Ժամանակին Ախալքալաքի մունիցիպալիտետում գործում էր 93 գրադարան, որոշ խոշոր գյուղերում նույնիսկ երկու գրադարան կար։ Ներկայումս Ախալքալաքի մունիցիպալիտետում գրադարաններ գործում են 16 գյուղում, 17 մասնաճյուղ։ Բարալեթ գյուղում գործում է երկու գրադարան՝ հայկական և վրացական։
1990-ականներին գյուղերում գրադարանների համընդհանուր փակումից հետո դրանք վերաբացվեցին 2009թ.-ին: Սկզբում բացվեցին 4 գյուղում, իսկ հետո՝ 2010-ականների սկզբին, մնացածում։ Գրադարանները գործում են հետևյալ գյուղերում՝ Գոգաշեն, Կումուրդո, Վաչիան, Դիլիսկա, Կարտիկամ, Արագվա, Կոթելիա, Օրջա, Խանդո, Ալաստան, Բալխո, Զակ, Բարալեթ, Էխտիլա, Բուռնաշեթ, Մաջադիա։
Գործող գրադարանների գրքային ֆոնդը նույնպես արդեն հին է, թե՛ ֆիզիկապես, թե՛ տեղեկատվական առումով։ Բացի այդ, այս գրադարանների շենքերն արդեն վերանորոգման և բարեկարգման կարիք ունեն։
Թեկլե Վախթանգիշվիլիի խոսքով, գրադարանների գրքային ֆոնդը, այդ թվում՝ Ախալքալաքի, 20 տարուց ավել է չի նորացվել։ Ներկայումս գրադարանային միավորումն իր ֆոնդում ունի մոտ 50 000 գիրք:
Գրադարանային միավորումում, ըստ Թեկլե Վախթանգիշվիլիի, արդեն ստեղծվել է մեկ գրքային համընդհանուր ֆոնդ, որպեսզի, որևէ գրադարանի գիրք վնասվելու դեպքում այն փոխարինվի գրքային ֆոնդից։