Ադրբեջանի զինուժը ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ է բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտնում է՝ մասնավորապես, կրակ է բացվել ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն Իշխանասարի ուղղությամբ ժամը 21:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում դիտարկել են նաև ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ։

ՀՀ ՊՆ-ն ընդգծում է, որ գիշերվա ընթացքում ադրբեջանական զինուժի կրակոցների գերակշիռ մասը եղել է ոչ նպատակային և անկանոն:

«Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի նշված գործողությունները ունեցել են սադրիչ նպատակ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների կողմից համանման հակադարձ գործողությունների ձեռնարկմանը հասնելու նպատակով, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար», – նշված է հաղորդագրությունում:

Հայկական կողմն, ըստ հաղորդագրության, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չի արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն էլ իր հերթին հաղորդում է, որ ապրիլի 5-ին՝ ժամը 21:55-ից մինչև ժամը 23:20-ը, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Բաքվի այս պնդմանը Երևանը չի արձագանքում:

Պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ ադրբեջանական կողմը նախօրեին կեղծ տեղեկություններ է տարածել՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած պլանային հերթափոխը փորձելով ներկայացնել իբրև կուտակումներ առաջնագծում:

Երեկ Ադրբեջանի ՊՆ-ը, մասնավորապես նշել էր, թե ժամը 15:10-ից 17:35-ը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները «հետագա սադրանքներին նախապատրաստվելու նպատակով փորձել են ամրակայման աշխատանքներ իրականացնել՝ ադրբեջանական բանակի դիրքերի դիմաց»։

ՀՀ ՊՆ-ն հայտնում է՝ իրականացնելով բաց աղբյուրների մշտադիտարկում և վերլուծություն, արձանագրել է նաև, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում աճել են ադրբեջանական մամուլից հայկական լրատվադաշտ նետված ապատեղեկատվության տարածման դեպքեր, և հորդորում է լինել զգոն, հետևել պաշտոնական լրահոսին: