ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն այսօր ասել է, որ երկարաձգվելու է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։
«Ըստ ամենայնի՝ ավելացնելու ենք նաև վաճառքի արգելքը: Կապ չունի, թե երբ է ներմուծվել, միեւնույն է, սահմանափակելու ենք վաճառքը եւս, որովհետեւ որոշակի զարտուղի ճանապարհներով կարողանում են թուրքական ապրանք մտցնել։
Այստեղ մոտեցումը պետք է լինի բավականին սիմետրիկ, երբ քաղաքական մակարդակով կայացվի սիմետրիկ հարաբերությունները վերականգնելու որոշում, այդ ժամանակ արդեն կփորձենք այնպես անել, որ մեր տնտեսությունն ինչքան հնարավոր է լավ պաշտպանված լինի թուրքական ապրանքների հեղեղումից»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա:
Վահան Քերոբյանը նաեւ հայտնել է, որ կառավարության օրակարգում Թուրքիայի հետ սահմանի բացման հարց առայժմ չկա: