Մարտի 28-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշեց Ավագ Հինգշաբթին։ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում առավոտյան մատուցվեց Սուրբ Պատարագ, այնուհետեւ կատարվեց Ոտնլվայի կարգ եւ Խավարման կարգ։
Քրիստոսի երկրային ճանապարհի ավարտին` Ավագ հինգշաբթին, բոլոր եկեղեցիներն անցկացնում են ամենամեծ թվով արարողակարգերը ողջ տարվա ընթացքում: Դրանք սկսվում են վաղ առավոտյան և տևում մինչև ուշ գիշեր:
Ախալքալաքի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ Եկեղեցում ժամը 16:00-ին կատարվեց Ոտնլվայի կարգ, որը խորհրդանշում է Քրիստոսի խոնարհությունն իր աշակերտների հանդեպ։ Խորհրդավոր ընթրիքից հետո Հիսուս Քրիստոսը լվաց իր աշակերտների ոտքերը՝ ՝ դրանով իսկ ծառայելով նրանց համար իսկական խոնարհության և հեզության օրինակ:
Հավարտ արարողության, Վրասատանի ՀԱԵ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Առաջնորդական Փոխանորդ Տ. Նշան վրդ. Հմայակյանը լվաց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու դպրաց դասի ոտքերը, իսկ ծխականներին բաժանվեց օրհնված յուղ։
Ավագ Հինգշաբթի երեկոյան Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում կատարվեց Խավարման կարգ, որը Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակն է: Արարողության ընթացքում Տ. Նշան վրդ. Հմայակյանը, Տ. Նարեկ քհն. Տիգրանյանն ու դպրաց դասն ընթերցեցին Ավետարանից հատվածներ, որոնք բովանդակում են Գեթսեմանի պարտեզում Քրիստոսի աղոթքը, Հուդայի մատնությունը, Հիսուսի հանձնումն ամբոխին, ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունը, մահը, Պետրոսի երեք անգամ ուրացումն ու զղջումը:
Ավագ հինգշաբթին Հայ եկեղեցում սկսվում է պատարագով: Պատարագից հետո ցանկացողները մեղքերի թողություն են անում ու հաղորդվում։ Ըստ Ավետարանների Հաղորդության խորհուրդը սահմանվել է Հիսուս Քրիստոսի կողմից։ Որպես Խորհրդի հաստատման վկայություններ ընդունվում են Համատես Ավետարաններում ներկայացված Վերջին ընթրիքի՝ Պասեքի ժամանակ Քրիստոսի խոսքերը. «Եւ, բաժակը վերցնելով, գոհութիւն յայտնեց Աստծուն եւ ասաց. «Առէ՛ք այս եւ բաժանեցէ՛ք ձեր մէջ. ասում եմ ձեզ, թէ այսուհետեւ որթատունկի բերքից չեմ խմելու, մինչեւ որ գայ Աստծու արքայութիւնը»։ Եվ հաց վերցնելով՝ գոհութիւն յայտնեց Աստծուն, կտրեց, տուեց նրանց և ասաց. «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրուած. այս արէ՛ք իմ յիշատակի համար»։ Նոյնպէս և բաժակը վերցրեց ընթրիքից յետոյ և ասաց. «Այս բաժակը նոր Ուխտ է իմ արիւնով՝ ձեզ համար թափուած» (Ղուկ. 22։17-20)։
Սուրբ Գիրքը կարդալուց և հոգևոր երգեր երգելուց հետո քահանան օրհնում է յուղը, որն այնուհետև բաժանվում է հավատացյալներին (ըստ ավանդության՝ օրհնված յուղը օգտագործվում է հիվանդությունների դեպքում):
Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Ոտնլվայի կարգ։ Համաձայն այդ կարգի՝ հոգևորականը օրհնված ջրով լվանում, ապա օրհնված յուղով օծում է խորան բարձրացած մանուկ, պատանի, երիտասարդ և տարեց տասներկու ընտրյալ այրերի ոտքերը, ովքեր նախընթաց տարում ջանադիր են եղել տարբեր ոլորտներում իրենց առաքելությունը լավագույնս և ազնվորեն կատարելուն կամ նրանք են, ովքեր կարիք ունեն հոգու և մարմնի բժշկության և այլք:
Հինգշաբթի երեկոյան սկսվում է Ավագ ուրբաթի եկեղեցական կարգը՝ Խաչելության կարգը, որը կոչվում է Խավարում:
Տասներկու մոմ է վառվում խորանում, կենտրոնում՝ մեկ մեծ մոմ։ Ընթերցվում են Ավետարանից հատվածներ, որոնք բովանդակում են Գեթսեմանի պարտեզում Քրիստոսի աղոթքը, Հուդայի մատնությունը, Հիսուսի հանձնումն ամբոխին, ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունը, մահը, Պետրոսի երեք անգամ ուրացումն ու զղջումը: Յուրաքանչյուր հատված կարդալուց հետո հանգցվում է մեկ մոմ, իսկ վերջում վառված է մնում միայն մեծը։ Մարած մոմերը հիշեցնում են աշակերտների փախուստը Գեթսեմանից, իսկ մեծ վառվողը խորհրդանշում է Քրիստոսի միայնությունը։