Ի՞նչ պատմություն ունի Մերենիա գյուղի «Կոռած ժամն» (խմբ. ջարդված) և Սուրբ բարձրունքը, ի՞նչ են պատմում գյուղացիները, և ինչու՞մն է կայանում այս սրբավայրերի առանձնահատկությունը:
Ախալքալաքից 22 կմ հեռավորության վրա է գտնվում Մերենիա գյուղը, որը գյուղացիների խոսքերով հիմնադրվել է մոտավոր 300 տարի առաջ: Ինչպես յուրաքանչյուր հայկական գյուղ, այնպես էլ Մերենիան ունի իր վանքերն ու սրբավայրերը:
«Կոռած ժամ» վանքը
Վանքը վնասված է եղել, այն կառուցված է կարմիր քարով։ Մուտքը արևմուտքից է։ Դուռը կամարաձև է, հարավային պատին մեծ և երկար պատուհան կա, արևելյան պատի մոտ բազալտե քարով խաչ է ամրացված հիմքին։ Վանքի շուրջը հին գերեզմանոց է, որտեղ էլ պահպանված են ձիու և խոյի գերեզմանաքարեր։
Այս վանքը 2018 թ. մայիսին Վրաստանում մշակության հուշարձանի կարգավիճակ է ստացել։ Ըստ Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության՝ այս վանքի անունը «Խիդիջվառի» է, որն էլ թարգմանաբար նշանակում է խիդի՝ կամուրջ, ջվառի՝ խաչ։ Իսկ տեղացիները այն անվանում են «Կոռած ժամ» (ջարդված)։ Այն X-րդ դարի է կառույց է:
Մերենիայի վանքը ևս ճանաչվեց մշակութային ժառանգության հուշարձան
«Կոռած ժամը» մերենեցիների ամենասիրված սրբավայրերից է, որտեղ ամեն շաբաթ-կիրակի օրերին կարելի է ուխտավորների հանդիպել: Մերենիայում թվով 4 մատուռ կա, սակայն դրանցից ամենհինը «Կոռած ժամ»-ն է:
«Տարբեր գյուղերից գալիս մատաղ են անում, հիմնականում ընդունված է այստեղ գալ Զատկական տոներին, հարևան գյուղերից ևս գալիս են: Մարդիկ մեծ հավատքով ենք այցելում մեր «Կոռած ժամ»»,- պատմում է տիկին Գոհարը:
Բանաստեղծ Գևորգ Հայասան հիշում է՝ մանուկ ժամանակ մոր հետ հաճախ է ուխտի եկել այս վանք:
«Երևի մատուռ է եղել , որովհետև փոքր է, ես տեսել եմ «Կոռած ժամի» փլատակները, մայրիկիս հետ հաճախ էինք գնում ուխտագնացության մոմ վառելու: Վանքի «Կոռած ժամ» անվանումը գալիս է հենց նրա ավերված լինելուց», – պատմում է նա:
Մերենիա գյուղում վստահեցնում են, որ մատուռը հայկական է:
2000-ական թվականների սկզբին եկեղեցին վերանորոգվել է բարերար Գագիկ Ասլանյանի միջոցներով, փլատակներիվ վրա վերակառուցվել է մերենեցիների «Կոռած ժամը»։
Եկեղեցու հարավային մասում գերեզմաններ են եղել, և տների փլատակներ, որոնցից մինչև այսօր որոշ մնացորդներ պահպանվել են, և կա երկու խոյանման քար, «ղոչ քար», որոնք կարելի է ասել վկայում են եկեղեցու հին լինելը։
Մեծ «ղոչ քարը» հայտնաբերել են եկեղեցու վերանորոգման ժամանակ, իսկ փոքրը՝ գյուղի բնակիչներից մեկն է երազում տեսել և հանել հողի տակից:
Ըստ Վալոդյան Ղանդոյանի՝ գյուղի բնակիչ Նինել Ղանդոյանը երազ է տեսնում և երազի մեջ «ղոչ քարը» խոսել է նրա հետ՝ «արի ինձ հանիր»: Առավոտյան Նինելը գնում և հողի տակից հանում է փոքր «ղոչ քարը»:
Վանքի ավիրվածության պատճառը հայտնի չէ, երկու առեղծված կա, ըստ որի կամ թուրքերն են ավիրել կամ կոմունիստական ժամանակները:
Սուրբ բարձրունքը
Մերենիա գյուղի խորհրդանիշն է դարձել «Կոռած ժամը» և գյուղի բարձրադիր վայրերից մեկը, որը մերենեցիներն անվանում են՝ Սուրբ բարձրունք կամ Սուրբ Խաչ, որովետև այստեղ խաչ է տեղադրված:
Մերենիա գյուղի ամենաբարձրադիր սրբավայրը գտնվում է գյուղից 1000 մետր բարձրության վրա և ունի իր յուրօրինակ
պատմությունը։
Գյուղացիների պատեմելով մի զույգ երկար տարիներ երեխա չի ունենում և ամուսինը երազ է տեսնում, ըստ որի մի սպիտակաշոր կին նրան ասում է՝ եթե այդ բարձրունքի վրա խաչ տեղադրես, ապա զավակ կունենաս: Երազը տեսնելուց հետո ամուսնին անմիջապես , առանց վարանելու տեղադրում մեծ քարի վրա խաչ է տեղադրում և չանցած մեկ տարի ամուսնինները զավակ են ունենում:
Գյուղացիները այս խաչի մոտ մեծ հավատով աղոթում և մոմ են վառում, որ իրենց ամենանվիրական նպատակներն ու երազանքներն իրականություն են դառնալու:
Գոհար Ղանդոյան