Օգոստոսի 17-ին, Կորխ գյուղում տեղի ունեցավ Սուրբ Կիպրիանոս նորակառույց մատուռի հանդիսավոր բացումը:
Մատուռի օրհնության կարգը կատարել է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանի գլխավորությամ, որից հետո տեղի պատանիները հանդես են եկել ելույթներով և տոնական հյուրասիրություն է կազմակերպվել:
Մատուռը կառուցվել է բարերար Միհրան Ղանդիլյանի կողմից, ով ծնվել և մեծացել է Կորխ գյուղում, բայց արդեն երկար ժամանակ բնակվում է Ռուսաստանում:
«Մեր պապերը, 1828 թ.-ին, գաղթի ժամանակ, իրենց հետ տեղափոխել են Սուրբ Կիպրիանոսը: Դեռ այնտեղ էլ այն իրենց հետ էր: Այնուհետև, տարիների ընթացքի հետ սուրբը կորցվեց` պատերազմ էր, մարդիկ բաժանվեցին՝ եղբայրներ, քույրեր: Ես գտա Սրբին և վերադարձրի այն իր տեղը: Սա մեր հին տունն է, որտեղ էլ գտնվում էր սրբությունը: Ի հիշատակ մեր նախնիների, ապուպապերի, ի հիշատակ այն փաստի, որ մենք քրիստոնյա ենք», – կիսվեց Միհրան Ղանդիլյանը:
Կարևոր է այն, որ մատուռի բացման առթիվ, Ռուսաստանից հսկայական թվով հյուրեր էին եկել, ովքեր ցանկանում էին մասնակցել բացման արարողությանը և աջակցել իրենց համագյուղացիներին:
«Այսօր այստեղ ներկա են բազմաթիվ հյուրեր Ռուսաստանից: Նրանք տարբեր մարդիկ են` իմ հարազատները, ընկերները, աշխատանքային գործընկերները, բիզնես-գործընկերները: Ես շատ շնորհակալ եմ բոլորին իրենց աջակցության համար», – նշեց Միհրանը:
«Բացվել է աղոթատեղի՝ Սուրբ Կիպրիանոսի մատուռը, որը հույժ կարևոր է Կորխ գյուղի բնակիչների համար: Մարդիկ պետք է գիտակցեն, որ երբ բացվում են նման սուրբ վայրեր, դրանք չպետք է մնան միայն որպես քարե շինություններ, դրանք պետք է դառնան աղոթատներ, որոնց միջոցով յուրաքանչյուր քրիստոնյա պետք է գտնի ճանապարհն առ Աստված», – մեկնաբանեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը:
Նա նաև հույս հայտնեց, որ շուտով կբացվի ավելի մեծ և ավելի կարևոր աղոթատեղի՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցին:
«Մինչ այսօր մենք ենք միշտ հպարտացել մեր Ջավախքով, մեր գյուղով: Հիմա եկել է ժամանակը, երբ մեր շրջանը Ջավախքը և մեր գյուղը կարող են հպարտանալ իրենց զավակներով», – նշել է ծնունդով Կորխ գյուղից Գենադի Ղանդիլյանը, ով նախկինում Կորխ գյուղում կառուցել էր Սուրբ Սարգիս մատուռը: