Երևանի պետական համալսարանում բացվել է վրացագիտության կենտրոն: Բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին։
Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է Երևանի պետական համալսարանում վրացագիտության կենտրոնի բացման փաստը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել հայագիտության զարգացման դրական փորձի ներկայացմամբ աջակցել վրաց գործընկերներին՝ աշխարհում վրացագիտության զարգացման գործում:
«Կարծում եմ, որ մեր երկու հինավուրց պետությունների ու ժողովուրդների ուսումնասիրությունները մեծապես հետաքրքիր են համապատասխան գիտական հանրությունների կողմից, և այս առումով մենք կարող ենք դիտարկել նաև համագործակցային ջանքերի գործադրումը։ Նոր աշխարհաքաղաքական ու տնտեսական արագընթաց փոփոխությունների համատեքստում շատ կարևոր են տարածաշրջանի երկրների տեղի, դերի, նշանակության զարգացումների, հեռանկարների ու միտումների վերաբերյալ գիտական վերլուծություններն ու գալիք մարտահրավերներին դիմակայելու պատրաստվածությունը»,- ասել է նախարարը:
Գիորգի Ամիլախվարին նշել է, որ իր համար կարևոր է ներկա լինել այս պատմական իրադարձությանը:
«Վրաստանի կառավարությունը լիովին պատրաստ է աջակցելու վրացագիտության կենտրոնին նյութերով և մասնագիտական ներուժով: Նույնը վերաբերում է Թբիլիսիի համալսարանում հայագիտական կենտրոնին»,-նշել է Վրաստանի ԿԳԵ նախարար Գիորգի Ամիլախվարին:
Բացմանը ներկա էին նաև Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը:
1Odnoklassniki0Email