Նախկին թիվ 15 զինվորական ավանի 3 բազմահարկ շենքի բնակիչներ, մոտ 120 ընտանիք դեռ սպասում են իրենց տները սեփականաշնորհելու թույլտվությանը։ Նրանք հոգնել են, թույլտվություն ստանալու համար համապատասխան մարմիններին դիմելուց։ Ախալքալաքի քաղաքապետարանի պետգույքի բաժնից ասում են, որ սպասում են ՊՆ դրական արձագանքին, որպեսզի սկսեն սեփականաշնորհման գործընթացը։
Նախկին թիվ 15 զինվորական ավանը գտնվում է Ախալքալաքի հարավային արվարձանում։ Այս վայրում ժամանակին գտնվել է Ախալքալաքում տեղակայված ռուսական ռազմաբազայի զորամասերից մեկը։ Այդ զորամասը փակվել է 1989 թվականին, և այն բնակելի շենքերը, որոնք եղել են այդ տարածքում, մնացել են նրանց, ովքեր դրանցում ապրել են:
Ռուսական 62-րդ ռազմաբազան, որտեղ մտնում էր նաև «15-րդ ավանը», Ախալքալաքից դուրս եկավ 2007թ.-ին: Անցել է 17 տարի, սակայն այս տների բնակիչները դեռ չեն կարողանում սեփականաշնորհել իրենց անշարժ գույքը։
Jnews-ը մի քանի անգամ գրել է այս խնդրի մասին և տեղական իշխանություններից հետաքրքրվել, թե ինչ է լինելու այս տների հետ։
Այսօր, մենք որոշեցինք ճշտել, կա արդյոք այս հարցում առաջընթաց։ Ախալքալաքի պետական գույքի վարչության պետ Թամազ Գվարամաձեն ասում է, որ այս հարցը լուծում են երկու նախարարություններ։
«Այս հարցը պետք է լուծվի երկու նախարարությունների միջև՝ էկոնոմիկայի և Պաշտպանության, երբ որոշվի, մենք հրահանգ կունենանք, ու բնակիչներին կտեղեկացնենք, թե ինչ և ինչպես անել: Երեք անգամ եկել են, գծագրեր արել: Պետությունն ուզում է տալ այս տները: Այնտեղ շատ ապօրինի շինություններ կան, այս հարցը նույնպես պետք է լուծվի, հետո միայն կորոշվի փոխանցման սկզբունքը, յուրաքանչյուր օբյեկտի նկատմամբ կլինի կոնկրետ մոտեցում»,- ասում է Ախալքալաքի Պետական գույքի բաժնի պետ Թամազ Գվարամաձեն:
Թիվ 65 տան բնակչուհին ասում է, որ հոգնել է տարբեր ատյանների դիմելուց, միևնույն է՝ ոչ մի առաջընթաց չի լինի:
«30 տարի է, ինչ ապրում եմ այստեղ, 30 տարի լույսի, աղբի, ջրի համար վճարում եմ, ուր է գնում այս գումարը, եթե դրանք տեղական իշխանություններին չեն պատկանում: Երկու տարի առաջ եկան, չափագրեցին, բնակարանների քառակուսին որոշեցին ու հեռացան, մեր դիմումներին ոչ մի պատասխան չենք ստացել: Անարդյունք է»,- ասում է նա։
Մեկ այլ բնակիչ՝ Մանուկյանը, պատմեց, որ իրենք վերջին անգամ ՊՆ գրություն են ուղարկել նախորդ տարվա սեպտեմբերին, իսկ պատասխանը ստացել են նույն տարվա նոյեմբերի վերջին։
«Ի պատասխան մեր հայտարարության, նրանք նորից փաստաթղթեր են պահանջել, քաղաքապետարանը վաղուց արդեն ուղարկել է այդ բոլոր փաստաթղթերը (բնակիչների օրդերներ, կոմունալ վճարների կտրոններ, նույնականացման քարտեր), բայց նորից պահանջել են»,- ասում է Մանուկյանը։
Այս բարձրահարկ շենքերի կողքին կա 5 սեփական տուն, որոնք նախկինում տնակ են եղել։ Բնակիչները ապամոնտաժել են փայտյա տնակերը, դրանց փոխարեն քարե տներ կառուցել, այժմ այնտեղ ապրում է 5 ընտանիք։ Այս տները նույնպես սեփականաշնորհման խնդիր ունեին։ Նրանց սեփականաշնորհումը մերժել են նույն պատճառով, այն պատճառով, որ դրանք պատկանում են պաշտպանության նախարարությանը։ Սակայն պարզվել է, որ հողատարածքը, որի վրա գտնվում են այս տները, վաղուց պատկանում է տեղական մունիցիպալիտետին։ Այժմ այդ տներն արդեն սեփականաշնորհված են։