Ախալքալաքի հարավային հատվածում՝ թիվ 5 հանրային դպրոցի նախկին հանրակացարանի, լվացքատան և ճաշարանի հարևանությամբ (նախկին գիշերօթիկ) կառուցվում է նոր մանկապարտեզ։ Կառուցվում է 75 երեխայի համար նախատեսված տիպային մանկապարտեզ։
Այսօրվա դրությամբ շենքի հիմքը պատրաստ է, աշխատանքներ են տարվում ամրանների տեղադրման ուղղությամբ։ Աշխատանքների ղեկավար Նուգզար Թվարաձեի խոսքով, մի քանի օրից կսկսվեն շենքի սկզբնական հատվածի բետոնապատման աշխատանքները։
Նոր մանկապարտեզը կառուցվում է Մունիցիպալ զարգացման հիմնադրամի միջոցներով։ Դրա կառուցման համար հատկացվել է 1 մլն 821 հազար 822 լարի, շինարարության մրցույթը շահել է «Այ-Քեյ-Բի Բիլդ» ՍՊԸ-ն՝ 1 մլն 657 հազար լարիով։ Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այն կնքվել է 2023 թվականի հունիսի 9-ին։
Նուգզար Թվարաձեի խոսքով, շինարարության ընթացքում խնդիրներ չեն եղել։
«Շինանյութն ունենք, առաքուման հետ կապված ամեն ինչ կարգին է: Աշխատողները տեղացիներ են Չունչխայից և քաղաքից, 8 հոգի է աշխատում, այս պահին բավարարում է, հետո կավելացնենք աշխատողների թիվը: Մենք աշխատում ենք ըստ հրահանգների, որոնք ամրագրված են պայմանագրով»,- ասաց նա։
Մանկապարտեզի շենքը լինելու է մեկ հարկանի տիպային շենք, 75 երեխայի համար։ Շինության ընդհանուր մակերեսը 960 ք/մ-ից մի փոքր ավելի է։ Շենքը չորս կողմից կունենա մուտք։ Շենքի շուրջը կլինի մեծ ազատ տարածք։
Շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն Վրաստանում գործող և ընդունված միջազգային շինարարական կանոնների և ստանդարտների համաձայն: