Ախալքալաքի տոնավաճառի վաճառողները բնական կարիքները հոգալու տեղ չունեն: Նրանք ստիպված օրվա կեսին տուն են գնում կամ «կարողանում» են պահել:

yarmrka

Ծովինար Գևորգյանն ապրում է տոնավաճառից 1,5-2 կմ հեռավորության վրա: Ամեն անգամ զուգարան գնալու համար նա ստիպված է լինում մոտակա մեկի տան դուռը ծեծել:

«Ու՞ր վազեմ, ի՞նչ անեմ: Ամեն օր չես կարող խնդրել, որ զուգարան է պետք: Բնական պահանջ է, ի վիճակի չես պահել: Թբիլիսի գնում ես, ամեն խաչմերուկին հասարակական զուգարան կա: Մեր մոտ ամբողջ քաղաքում մի հատ չկա: Մեծ տոնավաճառ է մի հարմարություն չունի: Չամուռ, ջուր, թեթև քամուց շորերը թափվում են: Սա լինելու բան է», – ասաց Ախալքալաքի տոնավաճառի տարածքում հագուստ վաճառող տիկին Ծովինարը:

yarmrka1

Վաճառողների խոսքերով ապրիլ ամսից զուգարան գնալու խնդիր ունեն: Բանն այն է, որ նախկինում վաճառողները օգտվում էին Վրաստանի փոստի շենքի զուգարանից: Բայց, քանի-որ զուգարանը երկար ժամանակ ոչ-ոք չի մաքրել, արդյունքում այն խցանվել է, և մարդիկ բնական կարիքները հոգալու տեղ չունեն:

«Ոչ մի հարմարություն չկա, օրվա հաց չենք կարողանում վաստակել: Բոլորին դիմել ենք, ոչ մեկ ոչ մի բան չի անում: Խոսքով ամեն ինչ անում են: Ցրտին կանգնում ենք, ամենքս մի վիրահատություն ենք տարել: Բնական կարիք է, կնիկմարդ-տղամարդ չի հարցնում»,- նշեց տոնավաճառի մեկ այլ վաճառող Արարատ Նիկողոսյանը:

Օրվա կեսին 70-ն անց վաճառողը ստիպված հավաքում էր ապրանքը: Մեր հարցին, ինչո՞ւ եք այսքան շուտ հավաքում վաճառասեղանը, վերջինս պատասխանեց. «Ի՞նչ անեմ, զուգարան եմ ուզում, ազոտս խեղդում է, չեմ կարող պահել, տուն եմ գնում»:

yarmrka2

Աղունիկ Այվազյան