JNEWS-ը հարցազրույց է արել Ախալքալաքում շրջանավարտների շրջանում, ովքեր պատրաստվում են իրենց ուսումը շարունակել տարբեր ԲՈՒՀ-երում և ըստ այդ հարցումի՝ ամենաթրենդայինը համակարգչային ծրագրավորումն է: Ինչո՞վ են առաջնորդվում դիմորդները մասնագիտության ընտրության հարցում որոշում կայացնելիս, ինչպե՞ս են պատեկերացնում իրենց ապագան ընտրած մասնագիտության մեջ հմտանալուց հետո, այս և այլ հարցերի շուրջ խոսել ենք հենց շրջանավարտների հետ:

Գրիշան պատրաստվում է բարձրագույն կրթություն ստանալ Երևանում: Ինչպես նա է ասում՝ մինչև դպրոցն ավարտելը տատանվել է մասնագիտության և համալսարանի ընտրության հարցում: Նա ցանկանում էր կրթությունը շարունակել Թբիլիսիում, բայց Վրաստանի քաղաքացիություն չունենալու պատճառով թույլ չեն տվել «1+4» ծրագրի շրջանակներում համալսարան ընդունվել:

«Վերջնական ընտրությունս կանգ առավ համակարգչային ծրագրավորման վրա: Քանի որ մեր ժամանակներում այն ունի մեծ պահանջարկ և լայն տարածում, իսկ իմ հետաքրքրություններն այդ ոլորտում բավականին մեծ են: Համալսարանի ընտրության հարցում ժամանակ ունեմ և դեռ հստակ չեմ որոշել կոնկրետ որտեղ եմ ընդունվելու: Ծրագրավորող շատ ընկերներ ունեմ, նրանց խորհուրդները ևս ինձ օգնել են մասնագիտության կողմնորոշման հարցում»,- ասում է Գրիշան:

Ինչ վերաբերվում է Ախալքալաքում համակարգչային ծրագրավորողի մասնագիտությամբ աշխատանքի մասին, մեր զրուցակիցը վստահ է, որ իր ընտրած մասնագիտությամբ գործազուրկ մնալու ռիսկերը շատ քիչ են, ինչպես Ախալքալաքում, այնպես էլ որևէ այլ վայրում:

Հասմիկ Պետրոսյանն ավարտել է Խավեթ գյուղի հանրային դպրոցը, հանձնելով՝ էքստեռն քննություն: Որոշել է ընդունվել Թբիլիսիի գեղարվեստի պետական ակադեմիայի թվային մեդիա բաժինը: Քանի որ նա շատ է սիրում արվեստը, նկարչությունը, գծագրությունը և համակարգիչների հետ աշխատանքը, որոշել է ընտրել այնպիսի մասնագիտություն, որն այս ամենը կներառի իր մեջ:

«Որոշումս կայացրել եմ դպրոցական տարիներից, բայց համալսարան ընտրելու հարցում չէի կողմնորոշվում, որովհետև չկար այնպիսի ֆակուլտետ, որը իրականում ինձ պետք էր: Շատ փնտրելուց հետո ամենահարմարը Գեղարվեստի պետական ակադեմիան էր»:

Հասմիկին մասնագիտության ընտրության հարցում ոչ ոք չի օգնել, ընտրել է այն ինչ իրականում ցանկանում է, և որի մեջ իրեն հարմար կզգա և աշխատելուց է հաճույք կստանա:

«Իմ ընտրած մասնագիտությունը տարածված չէ մեր շրջանում, դրան գումարած մեր շրջանից շատ քիչ մարդիկ են ընդունվում Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիա: Տարբերվող մասնագիտություն ընտրելն իմ որոշումն էր, եթե այս մասնագիտությամբ իմ շրջանում աշխատանք էլ չգտնեմ, ապա ինքս կստեղծեմ: Իմ օրինակով ցույց կտամ, որ բացի բժշկությունից, տնտեսագիտությունից ու լեզվաբանությունից էլի մասնագիտություններ կան, որոնցով կարելի է ավելիին հասնել, քան պատկերացնում են շատերը», – հավելում է Հասմիկը:

Նրա կարծիքով հոսանքին հակառակ գնալը դժվար չէ, եթե կա կամք, ցանկություն, աշխատասիրություն և քեզ հավատացող մարդիկ: Հասմիկը հասկանում է, որ բարդ է երազանքին հասնելու ճանապարհը, բայց նպատակն ամենաառաջնայինն է, որը նրան պարտավորեցնում է դառնալ առաջատար մասնագետ իր ընտրած ասպարեզում:

Լիդա Ալմասյան