Ախալքալաքում փողոցային առևտրով զբաղվողները դեռ հրաժարվում են տեղափոխվել գյուղատնտեսական շուկայի տարածք։ Վաճառում են Նալբանդյան փողոցում։ Ժամանակ առ ժամանակ առևտրականները լցնում են ամբողջ փողոցը, հատկապես տոն օրերին՝ Նոր տարի, Զատիկ, և հետո նորից վաճառասեղանները կոմպակտ տեղավորում են մայթին:
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը նշում է, որ Ամանորից հետո և մինչ այժմ առևտրականները փողոցը չեն գրավում և փորձում են կոմպակտ տեղավորվել մայթին։ Նրանք տարբեր պատճառներով չեն ցանկանում տեղափոխվել շուկայի ներս։
«Մեզ մոտ անընդհատ, ամեն ամիս նույն խնդիրն է: Մենք առավելապես հնարավոր աշխատանքը տանում ենք, որ Նալբանդյան փողոցը բաց մնա: Այնտեղ մարդիկ կան, ովքեր ունեն իրենց խանութները, որոնք օգտագործում են խանութների դիմացի մայթը: Նախկինում եթե ասում էին, որ շուկայում տեղ չկա, ապա հիմա տեղն էլ կա: Ամեն մեկն ունի իր անձնական պատճառները: Առևտրականները գալիս են, ասում են, որ սա իրենց միակ ապրուստի միջոցն է, բացատրում են իրենց վիճակը: Իրավիճակը շատ բարդ է: Մենք ևս փորձում ենք հասկանալ, բայց ընդհանուր առմամբ փողոցն ազատ լինելու մեր պայմանավորվածությունը մնում է»,- մեկնաբանեց Մակարյանը։
Նա նշեց նաև, որ թեև քաղաքապետարանը պատրաստվում էր տուգանել ճանապարհը զբաղեցրած առևտրականներին, սակայն վերջնական հաշվով ոչ ոք չտուգանվեց, միայն նախազգուշացումներ տրվեցին։
Շուկայի վերահսկիչ Ռաֆիկ Մնացականյանն իր հերթին հավելում է, որ շուկայում ստեղծված են բոլոր պայմանները՝ առևտրականների հարմարավետության համար։
«Շուկան միշտ բաց է, ցանկացած առևտրական կարող է ցանկացած պահի մտնել և դնել իր ապրանքն ու վաճառել: Մենք միշտ մաքրում ենք, ախտահանում, պահպանում ենք բոլոր պայմանները, բայց նրանք, այնուամենայնիվ, չեն ցանկանում»,- մեկնաբանեց նա։
Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ 2022 թվականին ամբողջ հանրապետությունում արգելվել է փողոցային առևտուրը։