Ախալքալաքի շրջանի Թախչա գյուղի բնակիչները ցանկանում են կառուցել դեպի գյուղ տանող նոր ճանապարհ, քանի որ գործող ճանապարհը ձմռանը փակվում է սխալ դիրքի պատճառով:

Թախչա գյուղը գտնվում է Ախալքալաքից 8-10 կմ հեռավորության վրա դեպի հարավ-արևելք, Աբուլ սարի ստորոտին: Գործող ճանապարհը դեպի գյուղ կառուցվել է 1943թ: Թախչան շատ խնդիրներ ունի, օրինակ, բնական գազի, խանութի բացակայությունը, դպրոցում աշակերտների նվազ քանակը և շատ այլն, սակայն բնակիչների հետ զրույցի ժամանակ նրանք պնդում են, որ ունեն միայն մեկ խնդիր՝ ճանապարհը:

Երբեմնի մեծ Թախչա գյուղից, որտեղ ապրում էին 360 մարդ, այժմ մնացել է ընդամենը 12 ընտանիք: Բոլոր ջահելները գյուղից հեռացել են: Բնակիչների խոսքերով, պատճառը ճանապարհն է, որը ձմռանը փակվում է, իսկ ավելի ճիշտ փակվում է ճանապարհի միայն մի հատվածը:

Թախչա գյուղի ճանապարհն անցնում է Կարտիկամ գյուղի միջով, վերելքն անցնելուց հետո երևում է փոքրիկ բլրակ: Ճանապարհը կառուցված է բլրակի հյուսիսային կողմից, ինչի պատճառով էլ նույնիսկ մի փոքր ձյան տեղումից հետո ճանապարհը փակվում է: Կողքերից քամին ձյունը լցնում է ճանապարհի վրա:

Երկար տարիներ, նույնիսկ սովետական կարգերի ժամանակ, բնակիչները միշտ ցանկացել են և պահանջել, որպեսզի նոր ճանապարհ կառուցեն բլրակի հարավային կողմից: Ըստ հաշվարկների ճանապարհի երկարությունը չի նվազի, սակայն հարավային մասում ճանապարհը չի փակվի:
taxcha

taxcha1
1987թ. գյուղի համայնքը որոշում է ընդունում բլրակի հարավային կողմից կառուցել նոր ճանապարհ: Աշխատանքները սկսում են, սակայն ավարտին չեն հասնում: Խանգարում է ճանապարհի միջին հատվածում ընկած ժայռաբեկորը: Այն մոտավորապես 200մ է, և պայթեցման կարիք ունի: Որից հետո անհրաժեշտ է այն լայնացնել և խճապատել:

Պերճ Ղազարյանը Թախչա գյուղի բնակիչ է: Նա գտնում է, որ այդ ճանապարհը ոչ միայն իրենց գյուղին է անհրաժեշտ, այլ նաև Նինոծմինդայի շրջանի մի քանի գյուղերի:

«Ճանապարհի պատճառով բոլորը հեռացան գյուղից: Այս ճանապարհից օգտվում են նաև Նինոծմինդայի շրջանի Ուջմանա և Թորիա գյուղի բնակիչները: 15 տարի առաջ ես հանձն առա պայթեցնել ժայռաբեկորը, սակայն չթողին, ասելով, իբր չեմ հասցնի ժամանակին փախնել: Ես մասնագետ եմ և կարող էի այն իրականացնել: Մեզ միայն այդ ժայռաբեկորն է խանգարում, այն վերևից և ներքևից հարկավոր է պայթեցնել և ճանապարհը պատրաստ է: Ես այն ժամանակ պայթուցիկ նյութ ունեի, խնդրել էի, բերել էին», – ասում է Պերճ Ղազարյանը:

Բնակիչների խոսքերով, ճանապարհը երկար ժամանակով փակված չի մնում, բայց ցանկացած պահի կարող է փակվել, ինչի համար էլ նրանք մթերքը պաշարում են մի քանի ամսվա համար, քանի որ գյուղում ընդհանրապես խանութ չկա:
taxch4

Արմիկ Ղազարյանը ապրում է իր կնոջ հետ, նրա երեխաները հեռացել են գյուղից և ապրում են Հայաստանում: Նա չի գտնում, որ խանութի բացակայությունը խնդիր է, գլխավոր հիմնախնդիրը նրա խոսքերով ճանապարհն է:
«Աշնանը ես գնում եմ քաղաք և ինչ-որ հարկավոր է 4-5 ամսվա համար գնում եմ պարկերով՝ ալյուր, շաքար և այլ մթերք: Ճանապարհի պատճառով բոլորը հեռացան: Մնացել են միայն մեծահասակները, հազիվ 50 հոգի լինեն: Նոր ճանապարհի կառուցումն անավարտ է մնացել, հինն էլ մի թեթև ձյան դեպքում փակվում է»,- դժգոհում է Արմիկ Ղազարյանը:

Ռոբերտ Եփրիկյանը նույն գյուղի բնակիչ է և ասում է՝ ժայռաբեկորի պայթեցման համար անհրաժեշտ տեխնիկան Երևանից բերել էին, ամեն ինչ պատրաստել էին, սակայն ողբերգական պատահարը նորից անավարտ թողեց նոր ճանապարհի շինարարությունը:

«Ղազարյանի փեսան ամբողջ տեխնիկան Երևանից բերել էր, սակայն մի ամիս չանցած նա մահացավ և ամեն ինչ այդպես էլ մնաց: Տեխնիկան էլ հետո թալանեցին Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա գյուղի բնակիչները: Մեզ այդ ճանապարհը շատ է անհրաժեշտ»,- ասում է Ռոբերտ Եփրիկյանը:

Տեղական իշխանության գյուղի ներկայացուցիչները՝ և համայնքի լիազորը և գյուղի մասնագետը, պայթեցմամբ նոր ճանապարհ կառուցելու բնակիչների առաջարկին հավանություն են տալիս: Տեղական իշխանության ներկայացուցիչների և գյուղի բնակիչների հանդիպման ժամանակ, որը կազմակերպել էր «Բաց սահմաններ» ոչ կառավարական կազմակերպությունը որոշում է ընդունվել, որ գյուղի բնակիչները դիմում գրեն և ներկայացնեն Շրջանային ժողով քննարկման համար(Սակրեբուլո):
taxcha3
Շուշան Շիրինյան