Այսօր՝ ապրիլի 17-ին, պաշտոնական այցով Ախալքալաքում էր գտնվում Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը։
Դեսպանի և նրա պատվիրակության պաշտոնական հանդիպումներն Ախալքալաքի տարբեր կազմակերպությունների հետ սկսվել էին առավոտից։ Նա հանդիպել է Ախալքալաքի քաղաքապետի հետ։ Որից հետո ժամը 11:00-ին Մեծահասակների կրթության կենտրոնի գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Վրաստանում ԱՄՆ դեսպանի և Ախալքալաքի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև։ Յուրաքանչյուր կազմակերպություն ներկայացրել է իր աշխատանքը և իրենց առջև ծառացած մարտահրավերները:
Ժամը 13:00-ին ԱՄՆ դեսպանն այցելել է Ախալքալաքում ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնի գրասենյակ, որտեղ հանդիպել է երիտասարդների հետ։ Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան ռեժիմով հանդիպում:
Այնուհետև պատվիրակությունն այցելել է Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոց։
Այնտեղ շրջանի 4 դպրոցների երեխաները ներկայացրել են իրենց կողմից իրականացված ծրագրերը ԱՄՆ ՄԶԳ ծրագրի շրջանակներում։ Երեխաներ կային Գոման գյուղի դպրոցից, Ադիգենից, Ախալցիխեից և Ախալքալաքի թիվ 4 (Դեմիրճյանի անվան) դպրոցից։
Շնորհանդեսից հետո թիվ 4 դպրոցի աշակերտները դեսպանին նվիրեցին հուշանվեր՝ ձեռագործ նռան տեսքով՝ պատմելով հայ ժողովրդի համար դրա խորհրդանշի մասին։ Հանդիպման ավարտին ևս տեղի ունեցավ հարցուպատասխան։