Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը աճուրդի է հանում Ախալքալաքի սպասարկման կենտրոնին պատկանող 9 մեքենա, հիմնականում հին աղբատար մեքենաները։ Աուդիտորական գնահատականի համաձայն, վաճառվող տեխնիկայի ընդհանուր արժեքը կազմում է 90800 լարի։

Ախալքալաքի քաղաքապետարանը վաճառքի է հանում 9 միավոր տեխնիկա, քանի որ տեխզննում անցնելու համար այդ մեքենաները պահանջում են հիմնանորոգում, ինչը շատ թանկ կարժենա։ Ուստի որոշվել է վաճառել դրանք։ Այդ մեքենաները ցուցակագրված են Սպասարկման կենտրոնի բազայում, և քանի որ դրանք պատկանում են մունիցիպալիտետին, համապատասխանաբար տեխնիկան հանդիսասնում է մունիցիպալիտետի սեփականությունը։

«Անկախ աուդիտորական հանձնաժողովը եկավ տեսավ, նրանք 15 օր մեզ մոտ մնացին, ամեն ինչ նայեցին, գնահատեցին, լուսանկարեցին ու գնացին: Տեխնիկան թանկ է գնահատված, եթե կարողանանք այս գներով վաճառել, ապա այդ միջոցներով կգնենք նոր տեխնիկա»,- ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Գույքի և պլանավորման ծառայության մասնագետ Վահան Բաթոյանը՝ ներկայացնելով պատգամավորներին մեքենաների ցուցակը, դրանց վաճառքի համաձայնություն ստանալու համար:

Տեխնիկայի ընդհանուր արժեքը, ըստ աուդիտի հանձնաժողովի, գնահատվում է 90 800 լարի։ Եթե տեխնիկան չստացվի վաճառել գնահատված արժեքով, ապա տեղական հանձնաժողովը կրկին կիրականացնի գնահատում։

Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանի խոսքով, այս մեքենաները երկու տարի է, ինչ չեն օգտագործվում, դրանք շարքից դուրս են եկել, տեխզննում չեն անցել, ուստի քաղաքապետարանը որոշել է դրանք վաճառել։

Նրա խոսքով, Սպասարկման կենտրոնն ունի բավականաչափ աղբատար մեքենաներ մունիցիպալիտետի մաքրությունն ապահովելու համար։ Այսպիսով, Սպասարկման կենտրոնն ունի 4 աղբատար մեքենա և մեծ կոնտեյներների համար մեկ մեքենա, ևս մեկ տեխնիկա կստանան այս տարվա ապրիլին։