Երեկ՝ օգոստոսի 26-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի երեք հանձնաժողովների համատեղ նիստում պատգամավորները քննարկեցին, 730 271 լարիի չափով, տեղական բյուջեի հերթական փոփոխությունները։ Միջոցները նախատեսվում է ուղղել աղբամանների ձեռքբերման, Սերվիս կենտրոնի լրացուցիչ ծախսերի, «Օգնություն գյուղին» ծրագրի, հասարակական օբյեկտների վերականգնման և մունիցիպալիտետի այլ կարիքների համար։ Բացի այդ, պատգամավորները բարձրացրեցին գյուղատնտեսական արտադրանքի որակի վերահսկողության և «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակում կատարվող աշխատանքների իրականացման ժամկետների հարցերը։
Նիստին մասնակցում էին ֆինանսների և բյուջեի, գույքի կառավարման, բնական ռեսուրսների և գյուղատնտեսական հարցերի, ինչպես նաև տարածքային պլանավորման և ենթակառուցվածքների հանձնաժողովները։
Բյուջեի փոփոխությունները
Բյուջեի փոփոխությունների ընդհանուր ծավալը կազմում է 730 271 լարի, որից՝
- 440 000 լարին չեղարկված ծրագրերի արդյունքում ազատված միջոցներն են,
- 188 962 լարին մրցույթների արդյունքում առաջացած տնտեսումը,
- 101 309 լարին փոխանցված մնացորդային միջոցները
Փոփոխությունների նախագիծը պատգամավորներին ներկայացրեց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության ղեկավար Կարեն Մերգելյանը։
Մասնավորապես, չեղարկվել է Քարսեփ գյուղում ծիսական տան կառուցման ծրագիրը, որի համար նախատեսված էր 440 000 լարի։
Եվս 188 962 լարի տնտեսված է մրցույթների արդյունքում, որոնց մեծ մասը գոյացել է «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակում անցկացված մրցույթներից։
Տնտեսված և ազատված միջոցների հաշվին նախատեսվում է ֆինանսավորել հետևյալ աշխատանքներն ու միջոցառումները.
- 150 մետաղական աղբամանների ձեռքբերում՝ 161 520 լարի,
- Ազատության փողոցի այգում մեծ էկրանի տեղադրում՝ 50 000 լարի,
Սերվիս կենտրոնի տեղեկության համաձայն, աղբամանների ձեռքբերման համար հայտարարված համախմբված մրցույթն արդեն անցկացվել է։ Նախատեսվում է, որ մինչև սեպտեմբերի 10-ը կենտրոնը կստանա աղբամանները և կսկսի դրանց բաշխումը քաղաքում և գյուղերում։
- Սերվիս կենտրոնին լրացուցիչ՝ 90 000 լարի ֆինանսավորում,
Սերվիս կենտրոնին լրացուցիչ 90 000 լարին հատկացվել է բենզինի գների բարձրացման հետ կապված ծախսերը հոգալու համար։
- Լրացուցիչ ֆինանսավորում «Օգնություն գյուղին» ծրագրին, որի գումարը կազմում է 385 571 լարի։
«Օգնություն գյուղին» ծրագրի համար նախատեսված 385 571 լարին, տեղական բյուջեից, ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման վերջին փուլն է։ Ցանկում ընդգրկված է 17 գյուղ։
- Ագանա գյուղի երիտասարդական կենտրոնի վերականգնման համար հատկացվում է 17 500 լարի,
- Ազավրեթ գյուղի մանկապարտեզի վերականգնման համար՝ 25 680 լարի։
Նշենք, որ մունիցիպալիտետում շարունակվում է մանկապարտեզների հավաստագրման գործընթացը։ Ներկայում իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ, որպեսզի մունիցիպալիտետի բոլոր մանկապարտեզները համապատասխանեն սահմանված չափանիշներին և կարողանան անցնել հավաստագրումը։
Հատկացված միջոցները նույնպես նախատեսված են այս գործընթացի շրջանակում անհրաժեշտ աշխատանքների իրականացման համար։
Նշենք որ մունիցիպալիտետում արդեն չորս մանկապարտեզ անցել է հավաստագրումը։ Հավաստագրման շրջանակում ստուգման ենթակա մանկապարտեզների հաջորդ ցանկը Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորումը դեռևս չի ստացել։
Բացի այդ, քննարկվեց կենտրոնացված ջեռուցում չունեցող մունիցիպալ դպրոցների համար 161 տոննա վառելիքային բրիկետների ձեռքբերումը, որի համար նախատեսվել է 160 679 լարի։
Պատգամավորների օրակարգից դուրս հարցերը
Նիստի ընթացքում պատգամավորները բարձրացրեցին նաև օրակարգից դուրս մի շարք հարցեր։
Պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հետաքրքրվեց, թե արդյոք սակրեբուլոն վերահսկում է կարտոֆիլում և մեղրում քիմիական նյութերի առկայությունը, և արդյոք հնարավոր է այդ մթերքներն ուղարկել փորձաքննության։
«Կան մարդիկ, ովքեր նոր են սկսում զբաղվել գյուղատնտեսությամբ և չգիտեն՝ որքան և ինչ քանակությամբ քիմիական նյութեր պետք է օգտագործել։ Կան նաև ոչ մասնագետներ՝ մեկը շատ է օգտագործում, մյուսը՝ քիչ։ Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ մեր շրջանում թռչունների քանակը նվազել է։ Արդյոք դա կարող է կապված լինել այս հանգամանքի հետ։ Ինչպես կարող ենք դա պարզել», — ասաց Գևորգ Պետրոսյանը։
Ի պատասխան՝ Ախալքալաքի քաղաքապետարանի տնտեսական զարգացման և գույքի կառավարման ծառայության ղեկավար Մնացական Փամբուխչյանը նշեց, որ այս հարցը մունիցիպալիտետի իրավասության շրջանակում չէ։ Սննդամթերքի անվտանգության վերահսկողությունն իրականացնում է Սննդի ազգային գործակալությունը։
Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը նշեց, որ Սակրեբուլոն ինքնուրույն իրավունք չունի մթերքները փորձաքննության ուղարկել, սակայն կարող է կազմակերպել հանդիպում Սննդի ազգային գործակալության ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանք պատգամավորներին ներկայացնեն, թե ինչպես է իրականացվում վերահսկողությունը, և պատասխանեն նրանց հետաքրքրող հարցերին։
Պատգամավոր Սարգիս Ուզունյանը մտահոգություն հայտնեց, որ «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակում նախատեսված աշխատանքները կարող են ժամանակին չավարտվել։ Նա, մասնավորապես, հետաքրքրվեց Կուլիկամ գյուղի աշխատանքների ընթացքով։
«Եղանակային պայմաններից կախված կամ նյութերի ձեռքբերում պահանջող աշխատանքների մրցույթները պետք է ավելի վաղ հայտարարվեն։ Օրինակ՝ Կուլիկամ գյուղում խնդիր կա անհրաժեշտ նյութի՝ քարի հետ կապված, որը մենք ցանկանում ենք ձեռք բերել։ Մատակարարը այն կարող է տրամադրել միայն հոկտեմբերից հետո, քանի որ բազմաթիվ պատվերներ ունի», — ասաց Սարգիս Ուզունյանը։
Մնացական Փամբուխչյանը պատասխանեց, որ դա կապալառուի խնդիրն է, քանի որ մրցույթին մասնակցելով, ընկերությունը համաձայնում է դրա պայմաններին, իսկ պայմանների խախտման դեպքում նախատեսված են համապատասխան պատժամիջոցներ։
Ի պատասխան՝ Սարգիս Ուզունյանը նշեց, որ պատգամավորներին հետաքրքրում է ոչ թե կապալառուին պատժելը, այլ աշխատանքները մինչ ցրտերի սկսվելն ավարտելը։
«Մեզ անհրաժեշտ քարը մեծածավալ կտրման աշխատանք է պահանջում։ Այժմ մատակարարը բազմաթիվ պատվերներ ունի։ Եթե քարը չլինի, մեր աշխատանքը չի կարող շարունակվել, և մենք չենք կարողանա այն ժամանակին ավարտել։ Խնդիրը հենց դրանում է», — ասաց պատգամավորը։
Նիստում քննարկված բոլոր հարցերն այսօր՝ օգոստոսի 27-ին սակրեբուլոյի նիստում պատգամավորները հաստատեցին։



