Տեղական իշխանություններն աշխատում են մունիցիպալիտետին պատկանող ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի նորմատիվ գները որոշելու ուղղությամբ: Քաղաքապետարանը Սակրեբուլոյի քննարկմանն է ներկայացրել նորմատիվ գների հաստատման նախագիծ, ըստ որի՝ նախորդ տարվա համեմատ գները չեն փոխվել։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի Գույքի, բնական պաշարների եւ ագրարային հարցերի կառավարման եւ Տարածքային պլանավորման ու ենթակառուցվածքների կոմիտեն երեկ՝ փետրվարի 26-ին, քննարկեց ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի նորմատիվ գները։
Ամեն տարի Վրաստանի մունիցիպալիտետները, ելնելով իրենց շուկայական գներից, Վրաստանի նախագահի հրամանով, փետրվարից ոչ ուշ, հաստատում են իրենց մունիցիպալիտետի ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի նորմատիվ գները։ Սա նորմատիվ վաճառքի գինն է, սակայն հողը չի կարող վաճառվել առանց անկախ աուդիտի, և հնարավոր է, որ հողի գներն աճեն աուդիտի գնահատումից հետո: Գինը որոշվում է հաստատված բանաձեւով։
Ախալքալաքի մունիցիպալիտետում 2022 թվականին մունիցիպալ սեփականություն համարվող ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի նորմատիվ գինը 1քմ-ի դիմաց 1,80 լարիից դարձել է 2,88 լարի։ Իսկ գները 2022 թվականից չեն փոխվում։
Ախալքալաքի մունիցիպալիտետում գործող և նախատեսվող նորմատիվ գները հետևյալն են՝ Ախալքալաքում ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի 1ք/մ-ն արժե 2,88 լարի, գյուղերում՝ 1,44 լարի, գյուղերի միջև ընկած տարածքներում՝ 0,72 լարի, իսկ 50 մ շառավղով մայրուղիների մոտ գտնվող հողատարածքներն արժեն 2,16 լարի (1ք/մ):
Այսօր՝ փետրվարի 27-ին, սՍակրեբուլոյի նիստում պատգամավորները հաստատեցին նորմատիվ գները։