Չնայած այն հանգամանքին, որ Ախալքալաքը գտնվում է Վրաստանի բարձրալեռ գոտում, և ձյան առատությունն ու սառնամանիքները պետք է անծանոթ չլինեն այստեղի համար ու առատ տեղումների ժամանակ պետք է մշակվի երթևեկության անվտանգության կառավարման համակարգ, այնուամենայնիվ, համակարգը դեռ ամբողջությամբ չի աշխատում։ Ձնամաքրման համար գումար է հատկացվում, գործընթացն ընթանում է, բայց պրակտիկան ցույց է տվել, որ գործընթացն արդյունավետ չէ, կամ արդյունավետ չէ ամեն տեղ։

2024 թվականին մունիցիպալիտետում և Ախալքալաք քաղաքում ձյան մաքրման աշխատանքներն իրականացնում է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը, որը 2023 թվականի սկզբին շահել է 199 939 լարիի տենդերը։ Մրցույթի պայմանների համաձայն՝ անհրաժեշտության դեպքում, բացի գյուղական ճանապարհներից, պետք է մաքրվեն նաև քաղաքի հետևյալ փողոցները՝ Թավիսուփլեբա (Ազատության), Նալբանդյան, Չարենց, Թումանյան, Թամար թագուհի, Մաշտոց, Դարբինյան, Մալխասյան, Ճավճավաձե, Ռուսթավելի, Միկոյան, Մարգարյան, Ջավախիշվիլի, Գուսան Հավասի:

Ձյան մաքրման աշխատանքները պետք է ներառեն և՛ մաքրում գրեյդերով (կցորդով էքսկավատոր- հարթեցնող), և՛ ռեագենտ լցնել:

Արդեն 2-3 օր է՝ եղանակի տաքացման հետ մեկտեղ ձյունը հալչում է, սակայն քաղաքի փողոցները ժամանակին չմաքրվելու պատճառով ձյունը հալվում է եւ գործընթացն էլ ավելի վտանգավոր է դառնում մեքենաների և հետիոտնի համար։

Եթե հիմնական ճանապարհները՝ Ազատության ու Աղմաշենեբելի փողոցները, քիչ թե շատ հարմար են տեղաշարժվելու համար, ապա քաղաքի մյուս փողոցներում քաոս է տիրում։ Ինչ-որ տեղ մերկասառույց է, մի տեղ՝ ձնե բլուրներ, որոնք քարացել են, մի տեղ էլ ձյան շերտն է փլվել՝ ստեղծելով մեքենաների համար վտանգավոր խորը փոսեր։

ulica dzun

Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի խոսքով, քաղաքի բոլոր փողոցները հնարավորինս մաքրվում են, ռեագենտով են լցվում։

«Այսօրվա դրությամբ, մաքրման աշխատանքներ են տարվել քաղաքի բոլոր փողոցներում, պարզապես ձյան ծածկի քանակության պատճառով սա արագ գործընթաց չէ, ռեագենտով ենք պատում, որ հալվի: Մենք տարբեր տեխնիկա ենք փորձել, դա անհնար է։ Բոլոր փողոցներում՝ և՛ Նալբանդյան, և՛ ուրիշներում, ոչ միայն գլխավոր փողոցներում: Այնտեղ ինչ-որ տեղ մեքենաներ են կայանված, ինչը խանգարում է»,- մեկնաբանեց նա։

Քաղաքապետը նշել է նաև, որ առաջիկա օրերին ավելի շատ աշխատանքներ կիրականացվեն։

Սակայն պետք է նշել, որ ոչ բոլոր փողոցներում են գոնե մասամբ մաքրման աշխատանքներ տարվել։ Օրինակ՝ Թումանյան փողոցում, ըստ փողոցի բնակիչների, մաքրման աշխատանքներ ընդհանրապես չեն իրականացվել։ Այս փողոցում մեծ երթևեկություն կա, քանի այնտեղ քաղաքի երկու դպրոցներն են գտնվում։ Նեղ փողոցում, այն ժամերին, երբ աշակերտները դպրոց են գալիս կամ տուն են գնում, փողոցով միշտ դժվար է անցնել երեխաներին և դպրոցի աշխատակիցներին՝ անցնող մեքենաների քանակի պատճառով: Իսկ ձյան, մերկասառույցի և անվահետքերի պայմաններում այս փողոցում տեղաշարժը դժվարացած է։

Ախալքալաքում առատ ձյունը նորություն չէ, միայն վերջին մի քանի տարիներին ձյան տեսքով տեղումները ավելի քիչ էին։ Թեև այժմ մարդկանց կարիքներն ավելի են մեծացել։ Եթե տասնամյակներ առաջ մարդիկ չէին կարողանում իրենց մեքենան դուրս բերել ավտոտնակից, երբ առատ ձյուն էր տեղում, ապա այժմ դա անհնար է պատկերացնել, ուստի պատասխանատուները պետք է մեթոդներ փնտրեն բարդ իրավիճակներն արդյունավետ կառավարելու համար:

Առատ ձյունը ստեղծել էր մի իրավիճակ, երբ ձյունը մաքրելու համար աշխատողները մի քանի գիշեր չէին կարողանում քնել, չնայած դրան, աշխատանքի արդյունքն ամենուր նկատելի չէր։ Ուստի անհրաժեշտություն է առաջանում նման իրավիճակներում վերանայել մունիցիպալիտետի աշխատանքային համակարգերը, որպեսզի աշխատանքը սահուն ու արդյունքը նկատելի լինի։