Ազատություն փողոցի №36 շենքի տանիքի վերանորոգման աշխատանքները շարունակվում են: Անձրևների ժամանակ ջուրը կրկին ներհոսում է, և հեղեղում բնակարանները, իսկ կատարվածի համար պատասխանատու չկա:
Հուլիսի սկզբին, ք. Ախալքալաքի Ազատության փողոցի №36 շենքի տանիքը ապամոնտաժվել էր նոր տանիք կառուցելու նպատակով, որպեսզի բնակիչները խնդիրներ չունենային, սակայն հորդառատ անձրևները հեղեղել են՝ հինգից մինչև երրորդ հարկում գտնվող բնակարանները և դրան նպաստել է տանիքի ապամոնտաժումը: Արդեն անցել է 2-3 շաբաթ, աշխատանքները շարունակվում են, հիմք է կառուցվում ծածկի համար, որի բացակայության պատճառով բնակարանները դեռևս բաց երկնքի տակ են:
Ըստ բնակիչներից մեկի վկայության` գործի հանգամանքներում որևէ փոփոխություն չկա, շինարարական ընկերությունը չի փոխել իր դիրքորոշումը: «Ես նրանց հետ խոսել եմ, նրանք պնդում են, որ շինարարները պատասխանատվություն չեն կրում կատարվածի համար, անձրևներ են սկսվել և տանիքից ջուրը ներհոսել է: Հիմա տանիքը նույն վիճակում է, երբ անձրև է գալիս, նորից ներհոսում է», – պատմում է նա:
Ըստ նրա, կառուցապատողը պատասխանատվությունը գցում է քաղաքապետարանի վրա և հակառակը: «Արդյունքում, պատասխանատուներ չկան: Ինչ վերաբերում է դատարանին, անձամբ ես, հավանաբար, պատրաստ չեմ դիմում ներկայացնել այնտեղ, չնայած այն հանգամանքին, որ ամենից շատը ես եմ տուժել` նոր տանիք ու վերանորոգում ունեմ բնակարանում: Դատարանում ավելի շատ ժամանակ ու գումար կծախսեմ: Ես նման հնարավորություն չունեմ, ես աշխատող մարդ եմ», – ասում է բնակիչը:
Քաղաքապետ Յուրիկ Ունանյանը պնդում է, որ քաղաքապետարանը չի կարող միջամտել կամ միջնորդել այս իրավիճակում, քանի որ նա չունի նման իրավական իրավասություններ:
«Քաղաքապետարանը իրավիճակի վրա ազդելու որեւէ իրավունք չունի: Շինարարական ընկերությունը պարտավոր է կատարել աշխատանքն՝ առանց բացասական հետեւանքների: Այսօրվա դրությամբ, շինարարական ընկերությունը ապամոնտաժել է տանիքը, բնակարանները հեղեղվում են արդեն մեկ ամիս է: Մենք ապրում ենք 21-րդ դարում, կարելի է հետևել եղանակի տեսությանը, այս դեպքում բոլոր պատասխանատվությունը կրում է կառուցապատողը: Եթե ընկերությունը չփոխհատուցի վնասը, բնակիչները իրավունք ունեն դատի տալ՝ պահանջելով փոխհատուցում»,- նշել է նա:
Ըստ քաղաքապետի, նա պատասխանատու ծառայություններին հանձնարարել է արձանագրել վնաս հասցնելու փաստը: «Եթե դատարանը պահանջի մեզնից ապացույցներ, ապա մենք կարող ենք դա ներկայացնել», – ասաց նա:
Իր հերթին, կառուցապատողը հրաժարվում են պատասխանատվություն կրել վնասի համար: «Որտե՞ղ է մեր մեղքը: Մենք միտումնավոր կերպով ենք կոտրե՞լ տանիքը: Շինարարները մեղավոր են, որ անձրև է տեղացել», – կիսվում է տանիքի վերանորոգմամբ զբաղվող անհատ ձեռնարկատեր Նորայր Մանասյանը:
Նրա կարծիքով, ընկերությունը չպետք է փոխհատուցի եղանակային պայմանների հետեւանքով առաջացած վնասը: «Այս տանիքը հոսում էր մեր վերանորոգումից առաջ էլ, մարդիկ պարզապես ցանկանում են փոխհատուցում ստանալ մեկ ուրիշի հաշվին: Տեխնիկապես անհնար է տանիքը վերանորոգել՝ առանց ամբողջ մետաղական կառույցը հեռացնելու, դա նաև հնարավոր չէ կես-կես անել, ինչպես կամենում են իրենք: Ես շինարար եմ և ես ունեմ ժամկետներ, որի սահմաններում պետք է տեղավորվեմ», – ասում է նա:
Ըստ Նորայրի, պայմանագրի համաձայն, պատվիրատուն պետք է պատասխանատվություն կրի, այսինքն` քաղաքապետարանը: Ըստ ժամկետների՝ աշխատանքը պետք է ավարտվի օգոստոսի 22-ին: