Այսօր Ախալքալաքի շրջանային ժողովն ընդլայնված նիստ անցկացրեց շրջանի մշակույթի ոլորտի աշխատակիցների հետ, պարզելու և մոտիկից ծանոթանալու համար նրանց հուզող խնդիրներին:

Սակրեբուլոյի պատգամավորների պահանջով այսօր նիստին ներկա էին Ախալքալաքի շրջանի մշակույթի ոլորտի աշխատակիցների մեծամասնությունը: Պատգամավորները մեղմ ասած «տուգանային հրապարակ» էին կանչել նրանց: Պատգամավորները դժգոհ են շրջանի գյուղերում գործող մշակույթի տների գործնեությունից:

Պատգամավոր Շիրվան Շիրինյանը ներկաներից պարզաբանում խնդրեց. «ինչու՞ գյուղում մշակույթի տուն գոյություն չունի, սակայն մշակույթի վարիչ է աշխատում, այնինչ գյուղում խումբ չկա», որին ի պատասխան Ակումբների միավորման վարիչ Ալիք Քսպոյանը հակադարձեց. «Ինչպես փորձ անել, խումբ հավաքել, երբ տվյալ գյուղում պայման չկա, էլեկտրականությունն ի՞նչ է, չկա»:

Հարկ է նշել, որ Ակումբների միավորումն ընդհանուր առմամբ ունի 55 աշխատակից, որից 33 գյուղերում ակումբների վարիչ են, որոնք և ֆինանսավորվում են Ախալքալաքի շրջանային բյուջեից:

Գումբուրդո, Վաչիան, Կարտիկամ գյուղերի ակումբների վարիչները ներկայացրին իրենց խնդիրների մասին, որից հետո Ժողովի պատգամավորները բոլորին խնդրեցին իրենց խնդիրների մասին գրավոր ներկայացնել Վարչության մշակույթի բաժին:

Ելույթ ունեցավ նաև Ջավախքի «Պույ-Պույ» տիկնիկային թատրոնի տնօրենը: Վերջինս հանգամանալից ներկայացրեց տիկնիկային թատրոնի ծավալած գործնեության և խնդիրների մասին՝ խնդրելով պետական աջակցություն:

«Ներկայացում եմ բեմադրում, բայց գնում հասնում եմ հեռավոր մի գյուղ, պարզվում է ոչ լույս կա, ոչ տեղ, ոչ վարագույր ներկայացում տալու համար: Թատրոնին օգնելու փոխարեն խոչընդոտում են»,- նշեց տիկնիկային թատրոնի տնօրենը:

sakrebulo nist

Այնուհետև Ապագայի տան և Շախմատի դպրոցի աշխատակիցները Շրջանային ժողովին ներկայացրին իրենց խնդիրների ու անցած տարվա աշխատանքային ձեռքբերումների մասին: Շրջանային ժողովի պատգամավորները հիմնականում գոհ էին այս երկու բաժինների աշխատանքից և պատրաստակամություն հայտնեցին ֆինանսներ հատկացնելու վերջիններիս կողմից ներկայացված խնդիրները լուծելու համար:

Ապագայի տան տնօրենը խնդրեց առանձնացնել Շախմատի դպրոցի և Ապագայի տան մուտքը, որպեսզի դասերի ժամանակ անհարգի ընդհատումներ չլինեն: Իսկ Շախմատի դպրոցին կից գործող Դիլիսկա գյուղի Շախմատի սեկցիայի ղեկավարը խնդրեց աջակցել, որպեսզի համապատասխան ջերմաստիճան ապահովվի իրենց միակ սենյակում, որտեղ մոտավոր 50 երեխա շախմատ խաղալ է սովորում:

Ինչպես պարզվեց Ախալքալաքի Գավառագիտական թանգարանում իրավիճակն ավելի բարդ է, քան կարելի էր ենթադրել: Անցած տարի բյուջեից փող է հատկացվել թանգարանի վերանորոգման համար, սակայն վերանորոգման աշխատանքները չեն ավարտվել, իսկ իրականացված աշխատանքներն էլ թերի են կատարված:

«Սա առաջին անգամ չէ, բայց այս տարի ավելի լայն մաշտաբի հանդիպումներ ենք անցկացնում մեր բոլոր հիմնարկ-ձեռնարկությունների հետ, որպեսզի ճանաչողական տեսակետից ավելի մոտիկից տեղեկանանք, թե ինչ խնդիրներ կան գյուղերում և քաղաքում: Հավանական է, որ դեկտեմբերի 27-28-ին հաստատենք 2017-ին բյուջեն և շատ կարևոր է ներկայացված խնդիրների լուծման ուղիները ներառենք բյուջեի մեջ»,- ասաց Ախալքալաքի Շրջանային Ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը:

Արդեն երրորդ տարին է, ինչ Ախալքալաքի Շրջանային ժողովը տարեվերջյան տարբեր մաշտաբի հանդիպումներ է անցկացնում և կետ առ կետ մատնանշում շրջանի տարբեր մշակութային օջախների գործնեության բացթողումների մասին, սակայն միևնույն է՝ ամեն տարի կանգնում են նույն «անլուծելի» դիլեմայի առաջ…

Աղունիկ Այվազյան