Փետրվարի 13-ին, ժամը 17։30-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, հավարտ ժամերգության կկատարվի նորապսակների օրհնության կարգ, որից հետո եկեղեցու բակում տեղի կունենա միջոցառում։ Նորապսակները եկեղեցու բակում վառված խարույկի վրայից կարող են թռչել։ Այն խորհրդանշում է, որ կրակի վրայից թռչելը հեռու է պահում հիվանդություններից, անհաջողություններից և ամեն վատ բաներից:

Փետրվարի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Խաչ եկեղեցին նշում է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։

Հնավանդ սովորության համաձայն՝ եկեղեցիների բակում կրակ է վառվում: Խարույկ վառելը և նրա շուրջ պտտվելը կամ վրայից թռչելը ծիսական որևէ նշանակություն չունի, այլ ժողովրդական ավանդույթներից է:

Փետրվարի 13-ին եկեղեցու բակում վառված խարույկից, իրենց խարույկներն են վառում շատերը, որի վրայից թռչում են նորապսակները, ապա նրանց հարազատները, հարևանները և այլն: Համարվում էր, որ կրակի վրայից թռչելը հեռու է պահում հիվանդություններից, անհաջողություններից և ամեն վատ բաներից:

Սակայն Տեառընդառաջի տոնի խարույկն այլ իմաստ ու խորհուրդ ունի: «Տոնացույցը» հրահանգում է գուշակություններ չանել՝ կրակի շուրջ պտտվելով: Սբ. Գրիգոր Տաթևացին այսպես է բացատրում կրակ վառելու իմաստը. «Ինչպես Տիրոջը տաճարին ընծայելու ժամանակ ժողովուրդը ջահերով և կանթեղներով ելավ Նրան ընդառաջ, մենք էլ նույն օրինակով կրակ ու ջահ ենք վառում և Տիրոջ գալստյան նախատոնակը կատարում: Հեթանոսներն Աստծո պատիվը կրակին էին մատուցում, իսկ մենք կրակը, որպես Քրիստոսի ծառա, բերում ենք Նրան ծառայեցնելու»: Եվ ինչպես եբրայեցի մանուկները ծառի ոստերը Քրիստոսին ընծայեցին, նույնպես և քրիստոնյաները կրակն են ընծայում Աստծուն:

Հուրը, կրակը, Աստվածաշնչի համաձայն, ունի նախ՝ փորձիչ նշանակություն, ինչպես երևում է Դանիելի մարգարեության մեջ Սեդրակի, Միսաքի ու Աբեդնագովի՝ կրակից անվնաս դուրս գալու պատմությունից, քանի որ վերջիններս անսահմանորեն հավատում էին Աստծուն ու ապավինում Նրան և Աստված նրանց հետ էր (Դանիել 3:8-94):

Երկրորդ՝ հուրն ունի կործանող ու պատժող նշանակություն, ինչպես, օրինակ, Եղիա մարգարեն երկնքից երկու անգամ կրակ վայր բերեց և ոչնչացրեց իրեն ձերբակալելու եկած զինվորներին (Դ Թագավորություններ 1:1-11): Նաև մարգարեությունների և Նոր Կտակարանի համաձայն՝ աշխարհի վերջում դատաստանը կատարվելու է կրակի միջոցով:

Երրորդ՝ կրակն ունի նաև մաքրագործող ու զորացնող նշանակություն: Այն դիտվում է որպես Սբ. Հոգուն ուղեկցող հատկություն և Աստծո ներկայության նշանակ է: Եվ Տեառնընդառաջի կրակը Հայ եկեղեցու ծիսակարգ է ներմուծվել՝ հավանաբար նկատի առնելով նաև կրակի՝ աստվածաշնչյան այս խորհրդածությունները:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի տոնի օրը՝ փետրվարի 14-ը, հռչակվել է նորապսակների օրհնության օր: Օրհնության նպատակն այն է, որ նորապսակները, մեկ անգամ ևս ստանալով Աստծո օրհնությունը, քաջ գիտակցեն իրենց դժվար, բայց քաղցր պարտականությունները և կյանքի բոլոր օրերում լինեն միմյանց սիրող ու հարգող զույգեր: