Ախալքալաքում երկրորդ անգամ տոնեցին Զատիկը, այս անգամ Քրիստոսի Հարության պայծառ տոնը նշեցին վրացի ուղղափառ քրիստոնյաները:
Մարտի վերջին օրերին, Ախալքալաքի հայերը տոնեցին Զատիկը: Եկեղեցական օրացույցի տարբեր հաշվարկման պատճառով, նույն քրիստոնեական տոները, միևնույն իմաստով, և հաճախ նմանատիպ արարողություններով` հայերն ու վրացիների մոտ երբեմն տոնվում են տարբեր ժամանակահատվածում, իսկ երբեմն էլ համընկնում են: Զատիկը Ախալքալաքի հայերն ու վրացիները տոնում են գրեթե նույնն կերպ, բայց կան այս տոնի վերաբերյալ որոշ էթնիկական առանձնահատկություններ:
Մզեվինար Խուցիշվիլին ունի հաճելի հիշողություններ մանկությունից: Հիշում է, որ փոքր ժամանակ անհամբերությամբ սպասում էր զատկական տոնին, որպեսզի մրցեր մյուս երեխաների հետ, թե ո՞վ ավելի շատ ձու կկոտրի: Իսկ հիմա տոնն այնքան էլ այդպիսին չէ, ինչպես իր մանկության ժամանակ: Եվ նա շատ է կարոտում այդ ժամանակներին: Մզեվինարի ընտանիքը տոներին միշտ մեկնում էր տատիկի մոտ Քարելի շրջանի Թամարաշեն գյուղ:
«Մեր ընտանիքում կար ավանդույթ, տոներին գառ էինք եփում, անվանելով զատիկի գառ: Տատիկն էր պատրաստում: Իսկ մենք առավոտվանից մրցվում էինք մյուս երեխաների հետ, թե ում հավկիթն է ամենաուժեղը, և, թե ով ավելի շատ ձու կկոտրի: Դրա համար տատիկս ինձ համար ներկում էր սագի ձու: Այնքան զվարճալի էր: Վաղուց տատիկս չկա, մենք գյուղ չենք գնում Զատիկը տոնում ենք քաղաքում»,- պատմում է Մզեվինար Խուցիշվիլին:
Այս տոնի մանկական զգացողությունները, իհարկե առանձնանում են, սակայն Զատիկը նշում են միմյանցից տարբերվող հետաքրքիր ձևով:
Կոժորիձեների ընտանիքը շաբաթ երեկոյից մինչև կիրակի օրվա ամբողջ գիշերը եկեղեցում են եղել, սակայն նրանք տոնը նշել են նաև տանը: Ինչպես ասում է Կոժորիձեների ընտանիքի տանտիկին Շուշանը, Ախալքալաքում այնքան էլ չեն տարբերվում ավանդույթները, հայերը տոներին պատրաստում են վրացական ուտեստներ, իսկ վրացիները` հայկական:
«Ախալքալաքի տարածքում մեր ավանդույթները այնքան էլ չեն տարբերվում: Մեզ մոտ, Ախալքալաքի վրացիներիս, արդեն վաղուց ավանդույթ է դարձել Զատիկին անպայման գաթա եփել: Ձուկ, միս, պասկա և գաթա` անպայման պետք է պատրաստել»,- ասում է Շուշան Կոժորիձեն:
Վերջինս հիշեց նաև, որ իր սկեսուրը Զատիկին թխում էր իսկական պասկա թոնրի մեջ:
«Այն ստացվում էր հացի նման, չէր բարձրանում: Իմ սկեսուրը թխում էր թոնրի մեջ, հետո խմորից շինում էր խաչ և դնում վրան և անպայման դնում էր պասկայի վրա մոմ»:
Լեյլա Թելիաշվիլին կարծում է, որ Զատիկը սուրբ օր է, և նրան պատրաստվել նույնպես հարկավոր է առանձնահատուկ կերպով:
«Ես Զատիկին պատրաստություն եմ տեսնում ինչպես հարսանիքին: Միայն ընկույզեղենից պատրաստում եմ 20 տեսակի ուտեստներ: Պատրաստում եմ սացիվի, ձկնատեսակ, Զատիկին մենք անպայման կոլիո ենք պատրաստում: Դա եփած ցորենն է մեղրով, նուշով, սուրճով և վանիլով: Այն ստացվում է ինչպես արգանակը, բայց կպչուն, ավելի նման կպչուն արգանակի: Շատ երկար եփում ենք, հետո փաթաթում ենք ծածկոցով ու թողնում: Ես անում եմ երեկոյան, հետո մինչ առավոտ թողնում եմ ծածկոցով, որպեսզի փափկի և առավոտյան արդեն կարելի է ուտել»,- ասում է Լեյլա Թելիաշվիլին:
Զատիկի արարողակարգը Ախալքալաքում սկսվեց ապրիլի 30-ին, ժամը 22:00-ին և ավարտվեց գիշերը ժամը երեքին, ապա սկսվեց ճաշկերույթը: Պատարագից հետո, վրացական եկեղեցին, հենց տեղում, իրենց հավատացյալների համար պատրաստել էր տոնական կերակուր: Պատրաստել էին «խաշլամա» և արարողակարգից հետո բաժանեցին բոլոր հավատացյալներին: Բացի այդ, հավատացյալները, ով, ինչ կարողացել էր, իր տնից տարել էր, որպեսզի միասին նշեին Քրիստոսի Հարության տոնը:
Շուշան Շիրինյան