Նյութը պատրաստել է մեր գործընկեր Jam-news.net-ը:

Ադրբեջանում և Ռուսաստանում նախագահական ընտրությունների նախաշեմին պատրաստել ենք հոդված այն մասին, թե ինչպես են ԱՊՀ երկրների ավտորիտար առաջնորդները մնացել իշխանության ղեկին։ Նրանք իրենց բացառիկ լիազորություններով են օժտել, զրոյացրել նախագահական ժամկետները, իշխանություն ժառանգել։ Եվ բոլորը կեղծել են ընտրությունները։

Բելառուս. Լուկաշենկոն առաջինն է զրոյացրել ժամկետը

ԱՊՀ երկրների ներկայիս նախագահներից ամենաերկարը իշխանության ղեկին է Ալեքսանդր Գրիգորիևիչ Լուկաշենկոն։ Հուլիսի 10-ին լրանում է նրա՝ անկախ Բելառուսի նախագահ ընտրվելու 30 տարին։ Երկու տարի անց երկրում հասունացավ քաղաքական ճգնաժամ. խորհրդարանը նախագահի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսեց Սահմանադրությունը խախտելու համար, իսկ Լուկաշենկոն, իր հերթին, նախաձեռնեց հանրաքվե՝ այն փոխելու համար։ Նա ցանկանում էր ուժեղացնել նախագահի լիազորությունները։

1996 թվականի նոյեմբերի 24-ին սահմանադրական փոփոխությունների ընդունման հանրաքվեի արդյունքում Լուկաշենկոյի նախագահական ժամկետը զրոյացվեց, և հետհաշվարկը նորից սկսվեց, նրա լիազորություններն ընդլայնվեցին, ու նա ցրեց խորհրդարանը: Նոր բարձրագույն ներկայացուցչական մարմինը ձևավորվեց նախագահամետ պատգամավորներից։

Երկրորդ նախագահական ընտրություններում՝ 2001 թվականի սեպտեմբերի 9-ին, Լուկաշենկոն կրկին հաղթեց։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ նա ստացել է ձայների 75,65 տոկոսը։ 2004 թվականին նախագահը Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հերթական հանրաքվեն անցկացրեց։ Այս անգամ երկրի հիմնական օրենքում բացառվեցին նախագահական ժամկետների քանակի սահմանափակումները։ Ավելի ուշ՝ 2006 թվականին, այդ սահմանափակումները հանվեցին «Նախագահի մասին» օրենքով։ Եվ այդպես շարունակ…

Ինչպես և ակնկալվում էր, Լուկաշենկոն հաղթեց հաջորդող բոլոր ընտրություններում՝ 2006, 2010, 2015 թվականներին (83,47 տոկոս՝ առավելագույն ձայներ) և 2020 թվականին: Բոլոր նախագահական ընտրություններից հետո (բացառությամբ առաջինի) Բելառուսում տեղի էին ունենում բողոքի ցույցեր, որոնք դաժանորեն ճնշվում էին։ 2010 թվականին ցուցարարների թիվը, ըստ տարբեր գնահատականների, 10-60 հազար էր։ Նախագահի թեկնածուները հայտնվեցին ճաղերի հետևում։ Ամենազանգվածային և ամենաերկարատև բողոքի ցույցերը տեղի են ունեցել 2020 թ.-ին։ Մարդիկ մինչ օրս հետապնդվում են։ Երկրում կա գրեթե 1500 քաղբանտարկյալ։ Բանտում կան մարդիկ, ովքեր, ի թիվս այլ բաների, դատապարտվել են նախագահին վիրավորելու և զրպարտելու համար։

«Ոմանք կառավարության ներկայացուցչին «վիրավորելու», կարմիր ու կանաչ դրոշները պոկելու համար են բանտում»,- գրում է Euroradio-ն։ Բացի քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումներից Լուկաշենկոյի ռեժիմը հայտնի է նաև իր հակառակորդների առեղծվածային անհետացումներով և սպանություններով։

«Նախագահի մասին» օրենքի վերջին փոփոխությունները հրաժարականի դեպքում Ալեքսանդր Լուկաշենկոյին տալիս են բացառիկ արտոնություններ և երաշխիքներ, բացակայում է միայն «ազգի հոր» պաշտոնական կարգավիճակը։ Օրենքի համաձայն՝ արգելվում է պետության նախկին ղեկավարին պատասխանատվության ենթարկվել «իր նախագահական լիազորությունների իրականացման հետ կապված գործողությունների համար»։ Նույնպիսի նորմ էլ պատասխանատվությունից ազատում է նրա հարազատներին:

«Հնարավոր չի լինի ձերբակալել նախկին նախագահին կամ առգրավել նրա տունը, մեքենան, անձնական արխիվը, նամակագրությունը և այլն։ Նախկին նախագահի դրամական միջոցները պետք է լինեն նույնը, ինչ նախագահության ժամանակ՝ անկախ նրանից՝ նա ունի՞ եկամտի այլ աղբյուրներ, թե՞ ոչ։ Միևնույն ժամանակ նախկին նախագահը ազատված է եկամտահարկ վճարելուց»,- հայտնում է Euroradio-ն։

Իսկ իշխանությունը Լուկաշենկոն որոշել է «կտակել» Բելառուսի Անվտանգության խորհրդին։ 2021 թվականի մայիսին նա հրամանագիր է ստորագրել իր բռնի մահվան դեպքում իշխանությունը կառույցին փոխանցելու մասին։

Ռուսաստան. Պուտինը և քաղբանտարկյալների երկիրը

ԱՊՀ երկրների երկարակյաց առաջնորդներից մեկը Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինն է։ Մարտի 26-ին կլրանա 24 տարին, ինչ նա առաջին անգամ ընտրվեց Ռուսաստանի նախագահ։ Պուտինը Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի իրավահաջորդն էր և նախագահի պաշտոնակատար նշանակվեց նրա հրաժարականից հետո։ Իր առաջին ժամկետն ավարտելուց հետո Պուտինը վերընտրվել է 2004 թվականին։ 2008 թվականին նա ստիպված եղավ ընդմիջում վերցնել նախագահական ժամկետի սահմանափակման պատճառով՝ ոչ ավելի, քան երկու ժամկետ։ Այսպիսով, պետության ղեկավարի պաշտոնը ստանձնեց Դմիտրի Մեդվեդևը, իսկ Պուտինը ղեկավարեց երկիրը Ռուսաստանի Դաշնության վարչապետի դերում։

2012 և 2018 թվականներին Վլադիմիր Վլադիմիրովիչը կրկին վերընտրվեց։ Մարտի 15-17-ը կայանալիք նախագահական ընտրություններում Պուտինը հավակնում էր հինգերորդ ժամկետի։ ՌԴ նախագահն իր ժամկետները զրոյացրեց 2020 թվականին՝ սահմանադրական փոփոխություններով։ Ընդ որում, տեղի ունեցավ տոտալ զրոյացում․ նրա նախագահական լիազորությունները մինչև 2024 թվականը համարվում են «զրոյական» ժամկետ։ Այս նոու-հաուն ընդունվել է Պետդումայի պատգամավոր և տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովայի առաջարկով։ Ինչպես է դա տեղի ունեցել, և ինչու են «տիեզերական փոփոխությունները» անօրինական, մանրամասն նկարագրված է «Նովայա գազետա»-ում:

Պուտինն իշխանությունը պահելու համար իր համար օրենքներ չմշակեց, նա պարզապես ձգեց օրենսդրական պտուտակները։ Այսպիսով, Ռուսաստանում հայտնվեց «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, որը կարող է տարածվել ցանկացած անձի վրա։ Ահա ավելի շատ տեղեկություններ բուն օրենքի, դրա հեղինակների և դրա ընդունվելու մասին, իսկ այստեղ՝ ֆեյքերի և բանակը վարկաբեկելու մասին։

Ավելի վաղ՝ 2012 և 2014 թվականներին, վարչական օրենսգրքում էապես խստացվել էր խաղաղ ցույցեր և բողոքի ակցիաներ անցկացնելու նորմը։ Բարձրացվել էր տուգանքների չափը, ավելացվել էին ձերբակալությունների ժամկետները և ընդլայնվել կազմակերպիչների պատասխանատվության գոտին, իսկ «Նավալնիի ակումբների» գործունեությունն արգելվել էր։

2020 թվականի վերջում վերահսկողության տակ վերցվեց ակցիաների ֆինանսավորումը: Արգելվեցին դրամական միջոցների փոխանցումը արտերկրից և «օտարերկրյա գործակալների» ու անանուն նվիրատվությունները։ Եթե ​​հանրահավաքին մասնակցում է 500-ից ավելի մարդ, ապա կազմակերպիչը պարտավոր է հանրահավաքից հետո ծախսերի մասին հայտնել իշխանություններին։ Իսկ արդեն 2021 թվականի փետրվարին վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 20.2-րդ հոդվածի համաձայն՝ բողոքի ակցիաների ապօրինի ֆինանսավորման համար նախատեսված տուգանքներն ավելացվեցին։

Բացի այդ, 2012 թվականին Ռուսաստանում ընդունվել է հանրահավաքների մասին նորացված օրենքը։ Դա չվախեցրեց «Միլիոնների երթի» մասնակիցներին, որոնք 2012 թ.-ի հունիսին դուրս էին եկել բողոքելու Պուտինի երդմնակալության դեմ։ Սակայն «Ճահճային գործը» («болотное дело») ու դրան հաջորդած քրեական գործերը և ազատազրկման փաստացի ժամկետներն իրենց ազդեցությունն ունեցան նաև ռուսների ընդդիմադիր տրամադրությունների վրա։

«Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության ցուցակում կա ավելի քան 600 քաղբանտարկյալ։ Նրանք տարբեր քրեական գործերով անցնող անձինք են, որոնք մեղադրվում են ինչպես «հակապատերազմական», այնպես էլ պետական ​​դավաճանության հոդվածներով։ Նշվում է, որ դա ստույգ թիվ չէ․ ելնելով քրեական հետապնդման գաղտնիությունից՝ ոչ բոլորին է հաջողվում նույնականացնել։ «Մեմորիալը» ցուցակը վարում է 2019 թվականից։ «OVD-Info» իրավապաշտպան նախագիծը 2012 թվականից վարում է քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումների իր բազան։ 2023 թվականի նոյեմբերի դրությամբ մեղադրյալների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան երեք հազար մարդ։

Ադրբեջան. Ալիևը իշխանությունը ժառանգեց հորից

Իլհամ Հեյդար օղլի Ալիևը ղեկավարում է Ադրբեջանը 21 տարի, իշխանությունը ժառանգել է հորից՝ Հեյդար Ալիևից։ Առաջիկա ընտրություններում կրտսեր Ալիևը հավակնում է հինգերորդ ժամկետին։

Ալիև ավագը Ադրբեջանի նախագահ է ընտրվել 1993 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտության ժամանակ։ 1995 թվականի մարտի 12-ին երկրում տեղի ունեցավ ոստիկանության հատուկ ստորաբաժանման ապստամբություն, որը շուտով ճնշվեց։ Երկրում ներքաղաքական իրավիճակը կայունացավ, և 1998 թվականի հոկտեմբերի 11-ին Հեյդար Ալիևը վերընտրվեց նոր ժամկետով։ 1999-ին Ադրբեջանի նախագահը սրտի կաթված ստացավ, և մինչ նա բուժվում էր ԱՄՆ-ում, երկրում ձևավորվեց ընդդիմություն, սակայն Ալիևն իշխանությունը պահեց իր ձեռքում։ 2003 թվականին երկրում նշանակվեցին հերթական նախագահական ընտրությունները, և Ալիև ավագը հանեց իր թեկնածությունը հօգուտ որդու, քանի որ կրկին բուժման կուրս էր անցնում ԱՄՆ-ում։

2003 թվականի հոկտեմբերի 15-ին, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, 79,46% ձայներով ընտրություններում հաղթեց Իլհամ Ալիևը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր երկրի վարչապետի պաշտոնը:

«Նախընտրական շրջանում փողոց դուրս եկած տասնյակ հազարավոր ընդդիմադիրներ ոստիկանական բաժանմունքներում ենթարկվել են բռնությունների և դաժան խոշտանգումների։ Դատելով տեղեկություններից՝ նրանց թվում կան սպանված և հաշմանդամություն ձեռք բերած անձինք։ Բայց իշխանության փոխանցման արդյունքում, որը սկանդալային էր ընդդիմության համար և շատ հարմարավետ Ալիևների ընտանիքի համար, 2003 թվականի հոկտեմբերի 31-ին Իլհամ Ալիևը ստանձնեց նախագահի պարտականությունները»,— գրում է Meydan-ը։

2005 թվականի գարնանը Իլհամ Ալիևը գլխավորեց իր հոր կողմից ստեղծված իշխող «Ենի Ազերբայջան» (Նոր Ադրբեջան) կուսակցությունը։

«Ադրբեջանում 2005 թվականի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման ժամանակ ընդդիմության բողոքի ակցիաները կոշտ կերպով ճնշվեցին։ Արդյունքում ընտրություններում հաղթեց իշխող կուսակցությունը»,- գրում է «Կավկազսկի ուզել»-ը (Կովկասյան հանգույց)։

Ալիևը երկրորդ ժամկետով վերընտրվեց 2008 թվականի հոկտեմբերի 15-ին, իսկ արդեն 2009 թվականի մարտին երկրում հանրաքվե անցկացրեց Սահմանադրության բարեփոխման վերաբերյալ։ Իհարկե, նրա համար նախագահական ժամկետների սահմանափակումները հանվեցին, ինչը թույլ տվեց Իլհամ Ալիևին երրորդ ժամկետով վերընտրվել 2013 թվականի հոկտեմբերի 10-ին։ 2016 թվականին նա կրկին բարեփոխեց Սահմանադրությունը՝ նախագահական ժամկետը 5-ից դարձնելով 7 տարի։

Freedom House-ի տվյալներով՝ քաղաքական և քաղաքացիական ազատությունների վարկանիշային աղյուսակում երկիրը 193-րդ տեղում է (ընդհանուր 210-ից)՝ «ոչ ազատ» պիտակով, այդ մասին նշել է «Նովայա գազետա Եվրոպա»-ն։ Ադրբեջանում վաղուց ընդունված է խստորեն ճնշել ցանկացած սոցիալական դժգոհություն։

Հաղորդվում է, որ ադրբեջանական բանտերում ավելի քան 200 քաղբանտարկյալ կա։

«Ալիևի նախագահության ժամանակ տեղի են ունեցել քննադատաբար տրամադրված լրագրողների կասկածելի մահեր և տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչների ձերբակալություններ, իսկ 2023-ի վերջին անկախ ԶԼՄ-ների ճնշման գործընթացը կրկին ակտիվացել է»,— գրում է Meydan-ը։

Ի դեպ, Ադրբեջանում 2022 թվականին ուժի մեջ է մտել «Լրատվամիջոցների մասին» օրենքը՝ զգալիորեն սահմանափակելով ԶԼՄ-ների ազատությունը։

«Օրենքի շատ դրույթներ կառավարությանը թույլ են տալիս խստորեն սահմանափակել իրադարձությունների լուսաբանումը և օգտագործվելու են կառավարության քննադատությունը կանխելու համար», — ընդգծում է JAMNews-ը: