Հարավային Կորեայում՝ Սեուլի Հելոուինի երեկույթներով հայտնի Իթհևոն շրջանում հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 151-ի։ Զոհվածների թվում 20 օտարերկրացիներ կան։ Եվս 15 օտարազգի տուժել է։
Զոհերի մեծ մասը 18-30 տարեկան են։
Ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին Սեուլի Իթհևոն թաղամասում՝ Hamilton հյուրանոցի մոտ, որտեղ մարդիկ հավաքվել էին Հելոուինի տոնակատարությունների նախաշեմին։
Ըստ Yonhap-ի, մայրաքաղաքի կենտրոնում աննկարագրելի քաոսային վիճակ է, փողոցում դիակներ են, տուժած մարդիկ աղաչում են օգնության մասին:
Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության, հրշեջ ծառայության և ոստիկանների խմբեր:
Սեուլի կենտրոնում գտնվող այդ թաղամասում մոտ 100 հազար մարդիկ, մեծ մասը՝ երիտասարդներ, հավաքվել են Հելոուինը տոնելու համար: Դա պետք է լիներ Սեուլում առաջին զանգվածային տոնակատարությունը կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված արգելքների չեղարկումից հետո:
Յոնգսան թաղամասում գտնվող Hamilton հյուրանոցի մոտ սկսվել է հրմշտոց, որը տարածվել և զանգվածային խուճապ է առաջացրել: Դա է՛լ ավելի է վատթարացրել վիճակը:
Հարավային Կորեայի նախագահ Յոն Սուկ Յոլը կառավարության արտակարգ նիստ է գումարել:
Նախագահը և վարչապետ Հան Դոկ Սուն բժիշկներին կոչ են արել անհապաղ մեկնել կենտրոն և միանալ շտապօգնության աշխատանքին:
Սեուլի քաղաքապետ Օ Սե Հունը որոշել է ընդհատել այցը Եվրոպա և շտապ վերադառնալ հայրենիք: