Ախալքալաքի շուկա հանդիսացող Նալբանդյան փողոցն առանց այն էլ նեղ է՝ 65 գյուղ ունեցող շրջանի համար, այսօր ձյունապատ և սառցապատ շուկան էլ ավելի է դժվարացնում մարդկանց կյանքը:
Ախալքալաքի կենտրոնական փողոցների անանցանելի վիճակը ոչ միայն խոչընդոտում է մարդկանց անցուդարձին այլ նաև մեքենաների երթևեկությանը։
Նալբանդյան փողոցը, որը այս օրերին սովորականից առավել մարդաշատ է լինում, ձյան կուտակումից բաժանվել է երկու մասի, իսկ մեջտեղի ձյան հատվածը կարծես լինի չեզոք գոտի հրմշտող անցորդներից փրկվելու համար։
Շուկայի մոտակայքը ձյունից մաքրելու մասին տեղական իշխանությունը մինչ այս չէր մտածել:
«Խանութպաները մաքրել ու ձյունը լցրել են փողոցի կենտրոնական մաս։ Եթե գրեդերով հնարավոր լինի, կփորձենք մաքրել, եթե ոչ ապա ոչինչ էլ հնարավոր չէ։ Այս տարի շատ խիստ ձմեռ է, ու այդպես էլ շարունակվելու է։ Մենք ունենք փոքր տեխնիկա, որը ի վիճակի չէ նման սառցագոյացություն մաքրելու, իսկ մեծ տեխնիկայի համար տարածքը փոքր է, բայց այնուամենայնիվ կփորձենք»,- մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի լիազոր Արմեն Խաչատրյանը։
Մինչ կորոշվի թե ինչպես կարելի է մաքրել ձյունը, տվյալ փողոցում օր օրի ավելանում է գնորդների և սայթակող ու ընկնող անցորդների թիվը։
https://www.youtube.com/watch?v=_xOB7mqBBKY
Ջուլիետա Տոնականյան