«Ես ընդամենը 84 տարեկան եմ», – այսպես է սկսում Մաջադիայից Վառլամ Ղազարյանն իր պատմությունը, ով շուրջ 40 տարի է՝ զբաղվում է ժողովրդական բժշկությամբ: Եղերդակ, երիցուկ, ազնվամորի՝ այս ամենից նա կարող է դեղեր պատրաստել, որոնք բուժում են հազը, մարսողական խնդիրները և այլ հիվանդություններ:

Վառլամ Ղազարյանը ծնվել է Մաջադիայում, սովորել է Կուլիկամ գյուղի դպրոցում, ծառայել Էջմիածնում: Նա, ինչպես ինքն է ասում, Թամանյան հրաձգային դիվիզիայի վերջին զինծառայողն էր: Դպրոցն ավարտելուց հետո նրան չհաջողվեց անհապաղ մեկնել ուսման և ընդունվել բուհ` ամուսնությունն ու ընտանիքը խանգարեցին: Սակայն 33 տարեկան հասակում նա որոշում և ընդունվում է ինստիտուտ՝ ագրոնոմի մասնագիտությամբ:

Նա վստահ է, որ ֆենոմենալ հիշողություն և արտառոց ունակություններ ունի: Ուսանողական տարիներին, ինչպես խոստովանում է Վառլամը, նա նույնիսկ օգնել է համակուրսեցիներին կուրսային և դիպլոմային աշխատանքներ գրել:

«Ինչպես ասում է Գևորգ Էմին-Տերյանը, ինչու՞ դուք մեզ այդքան ուժեղ ճնշեցիք, որ մենք վերածվեինք ադամանդի: Ահա և ես ուսման ընթացքում լավագույն ուսանողներից մեկն էի ճնշման և ծանրաբեռնվածության պատճառով», – հիշում է մեր հերոսը:

Այսօր Վառլամը ճանաչում է 100 բուսատեսակ: Շնորհիվ այն բանի, որ ինստիտուտում նա ամբողջությամբ ուսումնասիրել է տարբեր բույսերի տեսակները, դրանց կառուցվածքը և հատկությունները, Վառլամը սովորել է այդ գիտելիքները կիրառել օգտավետ՝ պատրաստելով դեղամիջոցներ ամբողջապես բնական հիմունքներով:

papik1

«Ես հիմա դեղամիջոց չեմ օգտագործում ստամոքսի ցավի համար: Գիտե՞ք երիցուկը: Մեկ թեյի գդալ, փոքրիկ: Մեկ թեյի գդալ եղերդակ, 2 բաժակ ջուր: 2-3 օր հետո որովայնի ցանկացած ցավ անհետանում է», – կիսվում է բուսաբույժը: Նա հազը բուժում է խոճիկով (տատրակ, հազի խոտ) և ազնվամորու տերևներով, որոնցով, եթե անհրաժեշտություն լինի, նա նաև ծրագրում է բուժել կորոնավիրուսը:

Ըստ Վառլամ Ղազարյանի, նրա հայտնագործությունն արժանի է Նոբելյան մրցանակի, քանի որ դիսպեպսիան՝ մարսողության խանգարումը համարվում է անբուժելի հիվանդություն, իսկ նրա ստեղծած թուրմն առանց դժվարության հաղթահարում է այն: Ավանդական բժշկության կողմնակիցը հույս ունի, որ երբ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարգավորվի, նա կկարողանա գնալ Հայաստան և իր հայտնագործությունը ներկայացնել գիտական հանրությանը:

Վառլամը շուրջ 7 տարի աշխատել է որպես կոլտնտեսության ղեկավար: «Ես չեմ գողացել և թույլ չեմ տվել որևէ մեկին գողություն անել: Հիմա ես ոչնչի համար չեմ զղջում: Մեր ընտանիքը միշտ ունեցել է բավարար եկամուտ: Ինձ դա պետք չէ», – հիշում է նա:

papik2

Ամալյա Բաբայան