Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում մեկ շաբաթից ավելի է, ինչ տեղաշարժ է նկատվում կարտոֆիլի իրացման հարցում։ Քանի որ կարտոֆիլը մի փոքր թանկացել է, կարտոֆիլ վերավաճառողները սկսել են այցելել որոշ գյուղեր, սակայն հեռավոր գյուղերը կրկին «երազում» են գնորդների մասին:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Կաջո գյուղի բնակիչները դժգոհ են կարտոֆիլի իրացման տեմպերից ու գնից։ Գյուղի տղամարդիկ առավոտից գյուղամեջում կանգնած սպասում են գնորդներին։
«Վաճառքը վատ է, գնորդները քիչ են: Գյուղում կարտոֆիլը շատ է, գինը նույնպես ձեռնտու չէ՝ 50 թեթրի: Այս ամենը պայմանավորված է նրանով, որ այլ երկրներից շատ կարտոֆիլ է գալիս Վրաստան։ Մեր գյուղի յուրաքանչյուր տուն միջինում կա առնվազն 10-15 տոննա կամ ավելի շատ կարտոֆիլ: Առավոտից շտապում ենք գյուղամեջ գնորդների բռնացնելու: Արդեն 2-3 ժամ է կանգնած ենք, սառել ենք»,- դժգոհում է Կաջո գյուղից Պարույր Մարտիրոսյանը։
Նույն վիճակն է Բարալեթ գյուղում, գնորդները քիչ են, վաճառողները՝ շատ։ Այստեղ էլ առավոտից մարդիկ կանգնում են գյուղի կենտրոնում՝ գնորդ «բռնելու» հույսով։
«Գնորդներ չկան, այս տարի վիճակն ավելի է վատացել: Եթե այսպես շարունակվի, ցանքատարածությունները կկրճատեմ: Այլ քաղաքներ տանելու հնարավորություն չունեմ: Ու ինձ նման շատ մարդիկ կան, առավոտից երեկո այս ցրտին կանգնած ենք գնորդներ գտնելու հույսով: Այն օրը, երբ վերավաճառողների 2 մեքենա է մտնում գյուղ, մեզ մոտ տոն է լինում»,- ասում է Բարալեթ գյուղի բնակիչներից մեկը։
Բարալեթ գյուղի բնակիչը մի քանի շաբաթ առաջ Ախալցիխեում իր կարտոֆիլը վաճառել էր մեկ կիլոգրամը 40 թեթրիով, իսկ փետրվարի 1-ին, գյուղից վաճառել է 60 թեթրիով։
«Դուք հնարավորություն ունեք: Էնտեղ վերևներում ասեք, որ կարտոֆիլ չներկրեն Վրաստան: Արդեն 3-4 օր է, ինչ աշխուժություն է նկատվում, և գինն է բարձրացել»,- ասում է Բարալեթ գյուղից Սամվել Խեչոյանը։
Չնայած իրացման հարցում այս տեղաշարժին, նա կարծում է, որ կարտոֆիլագործների աշխատանքը արժեզրկվում է։
«Ինչքան հիշում եմ, կարտոֆիլի գինը գնորդն է որոշում, շուկաներում միևնույն է թանկ է, մենք էժան ենք վաճառում, շահում է վերավաճառողը»,- հավելում է Սամվել Խեչոյանը։
Գնորդները քիչ են, գյուղացիները կարտոֆիլը վաճառում են այն գնով, որը առաջարկում է հազվագյուտ այցելող գնորդը: Անցյալ տարվա վիճակը, երբ կարտոֆիլի բերքը լցվեց աղբանոց, դեռ թարմ է կարտոֆիլագործների հիշողության մեջ ու վախեցնում է նրանց։
Արդեն մեկ շաբաթից ավել է գնորդները մտնում են Ախալքալաքի գյուղեր, բայց քանի որ մունիցիպալիտետում կարտոֆիլը դեռ շատ է, վերջիններս հեռավոր գյուղեր չեն հասնում։
Նման իրավիճակ է Փոքր Սամսար գյուղում: Բնակիչներից մեկի խոսքով, գյուղացիները հիմնականում իրենք իրենց մեքենայով տանում են այլ քաղաքներ։
«Գալիս են իրենց ծանոթ կարտոֆիլագործների մոտ, այսպիսիք 2-3 հոգի են, այն էլ ամիսը երկու անգամ: Գնում են 60-65 թեթրիով»,- ասում է Փոքր Սամսար գյուղի բնակիչներից մեկը։