Վրաստանում մարդահամարն առաջին անգամ կանցկացվի էլեկտրոնային հարցաշարի միջոցով, IPN գործակալությանը հայտնել է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (խմբ. Վրացստատ, Սաքստատ) գործադիր տնօրեն Գոգիտա Թոդրաձեն։
Վրաստանի քաղաքացիները կկարողանան ինքնուրույն գրանցվել և լրացնել էլեկտրոնային հարցաշարը։
«2024 թվականի համընդհանուր մարդահամարը տարբերվում է նախորդ մարդահամարից նրանով, որ մենք նախատեսում ենք տվյալներ հավաքել՝ օգտագործելով միանգամայն ժամանակակից տեխնոլոգիաները։ Մենք հրաժարվում ենք օգտագործել թղթային տեսքով հարցաթերթիկներ»,- հայտարարել է Թոդրաձեն։
Վրաստանի վիճակագրության ծառայության պետը հայտնել է, որ մարդահամարը կսկսվի նոյեմբերի 15-ին և կավարտվի 2024 թվականի դեկտեմբերի 19-ին։ Առաջին 10 օրվա ընթացքում տվյալները կհավաքվեն ինքնագրանցման միջոցով, այսինքն՝ անձը կկարողանա առցանց պատասխանել հարցերին: Դա անելու համար բաժնի կայքում կհրապարակվի հատուկ հղում, որտեղ հնարավոր կլինի բացել էլեկտրոնային հարցաշարը և պատասխանել հարցերին:
«Մեր հարցազրուցավարը կայցելի այն քաղաքացուն, որը չի մասնակցի գրանցմանը և հարցազրույց կանցկացնի պլանշետային համակարգչի միջոցով»,- պարզաբանել է Թոդրաձեն:
«Վրացստատ»-ը, ի լրումն, կխրախուսի երկրի քաղաքացիներին մասնակցել մարդահամարին։
«Մարդահամարին մասնակցությունը պարտադիր է Վրաստանում բնակվող ցանկացած անձի համար և կարգավորվում է Վրաստանի «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքով։
Սակայն բնակչության որոշակի հատվածը կարող է տեղեկություն չտիրապետի այս մասին, իսկ դա մեր կողմից լրացուցիչ ջանքեր է պահանջում։ Պետք է պատշաճ գովազդային արշավ իրականացվի՝ հանրությանn իր իրավունքների, պարտականությունների և մարդահամարին մասնակցելու կարևորության մասին իրազեկելու համար»,- հայտարարել է նա:
Գերատեսչությունը դեռ չի որոշել, թե ինչպես է լինելու դա` «մենք դեռ աշխատում ենք մոտիվացիայի մեխանիզմների վրա»։ Առաջիկա ամիսներին լուծումը կգտնվի, նշել է Թոդրաձեն։
«Որոշ երկրներում, օրինակ, տարբեր տեսակի խաղարկություններ են իրականացվել. մարդկանց, ովքեր մասնակցել են տվյալ մեթոդով տվյալների հավաքագրմանը՝ տրվել են խորհրդանշական նվերներ։
Որոշ երկրներում կա նաև պրակտիկա, որտեղ պետական ծառայողներին հանգստյան օր են տվել՝ նրանց, ովքեր մասնակցել են ինքնագրանցմանը»,- ասել է Գոգիտա Թոդրաձեն։
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ մարդահամարի նախահաշվային բյուջեն կազմում է մոտ 29 մլն լարի (մոտ 10,3 մլն ԱՄՆ դոլար)։
Հիշեցնենք, որ Վրաստանում մարդահամարն անցկացվում է 10 տարին մեկ։ Վերջին անգամ այն իրականացվել է Թբիլիսիի կողմից վերահսկվող երկրի տարածքում 2014 թվականին։ Այդ ժամանակ երկրի բնակչությունը կազմում էր 3 713 804 մարդ։
Աղբյուրը՝ SovaNews