Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2023 թվականին Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դարձել 442 մարդ, ևս 7 310 մարդ վնասվածքներ է ստացել: Մեկ տարվա ընթացքում երկրում տեղի է ունեցել 5 594 ՃՏՊ։ Ըստ վիճակագրության՝ ճանապարհատրանսպորտային պատահարների թվով առաջին տեղը զբաղեցնում է Թբիլիսին։

Ճանապարհատրանսպորտային պատահարների հավանական պատճառներն են՝ արագության գերազանցումը, հարբած մեքենա վարելը, հանդիպակաց գոտին անցնելը կամ վազանցի կանոնները խախտելը, հետիոտնային անցումով շարժվելու կանոնների խախտումը, հեռավորությունը չպահպանելը և ճանապարհային այլ խախտումները։

Ինչ վերաբերում է ճանապարհատրանսպորտային պատահարների տեսակներին, ապա, ըստ ՆԳՆ վիճակագրության, մեծամասնությունը՝ 1855 ճանապարհատրանսպորտային պատահար տեղի է ունեցել ընթացող տրանսպորտային միջոցների մասնակցությամբ, որոնց ընթացքում զոհվել է 104 մարդ, տուժել՝ 2 898-ը։ Բացի այդ, նույն ժամանակահատվածում արձանագրվել է հետիոտնի վրաերթի 1 638 դեպք, ինչի հետևանքով մահացել է 95, վիրավորվել՝ 1 665 մարդ։

Տեղեկացնենք, որ 2022 թվականին, ըստ Քրեական օրենսգրքի, հանրապետությունում տեղի է ունեցել 5 469 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով 430 մարդ զոհվել է, 7 517-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։