Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեկ բացել է առաջին «Վրաց սփյուռքի տնտեսական համաժողովի» աշխատանքը, որն անցկացվում է Վրաստանի նախագահի հովանու ներքո:

Ըստ նախագահի վարչակազմի փոխանցման՝ առցանց համաժողովը նպատակ ունի վրացական սփյուռքին տեղեկացնել Վրաստանի բիզնես-միջավայրի, ներդրումային ներուժի, ներդրումային հատուկ առաջարկների և արտերկրում բնակվող հայրենակիցների համար ծրագրերի մասին:

Համաժողովի ընթացքում ընդգծվել է վրացական սփյուռքի դերը Վրաստանի տնտեսական զարգացման և միջազգային հանրության հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Ինչպես նշել է Վրաստանի նախագահը, իր գործունեության հիմնական գերակայություններից մեկը սփյուռքի հետ հարաբերությունների պահպանումն ու ամրապնդումն է, ուստի կարևոր է, որ քաղաքական ուժերը աշխատեն սփյուռքին խորհրդարանական ներկայացուցչությունում ներգրավելու ուղղությամբ:

«Սփյուռքի տնտեսական համաժողովումի» շրջանակներում անցկացվել են չորս թեմատիկ հանդիպումներ: Մասնակիցներին տեղեկատվություն է տրամադրվել՝ արտադրության, բիզնեսի, գյուղատնտեսության, զբոսաշրջության և նորարարության ոլորտներում ազգային, ինչպես նաև օտարերկրյա և միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից աջակցվող ծրագրերի մասին: