Այսօր ձերբակալվել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկանոր Մելիան։ Նրա գործով ժամեր առաջ Թբիլիսիում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր գրասենյակի շենք էին փորձում մտնել հատուկ ջոկատայինները, որոնք հանդիպելով դիմադրության` հատուկ նյութ են բաց թողել ՄԱՇ-ի գրասենյակի այն հատվածի վրա, որտեղ գտնվում են Մելիան ու նրա աջակիցները։
Տևական ժամանակ ընդդիմադիր կուսակցության գրասենյակի մոտ հավաքված Մելիայի աջակիցները թույլ չէին տալիս իրավապահներին` մուտք գործել շենք, ինչը բախումների պատճառ դարձավ։ Հատուկ ջոկատայիններին հաջողվել է շենք մտնել հակահրդեհային մուտքով:
Նիկա Մելիային կալանավորելու հարցով այսօր հայտարարություն է տարածել Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը` հորդորելով ՄԱՇ-ի գրասենյակի մոտ հավաքվածներին չխանգարել դատական որոշման իրականացմանը: Նաև, ՆԳՆ-ն կոչ է արել բողոքը շարունակել խաղաղ ձևաչափով, հակառակ դեպքում՝ կարգուկանոնը խախտող ցանկացած անձ օրենքի առջև պատասխան կտա:
Հիշեցնենք, որ դատարանը փետրվարի 17-ին Նիկանոր Մելիային կալանավորելու որոշում էր կայացրել։