Ռուբլու նկատմամբ լարիի ցածր փոխարժեքն ազդել է Ջավախքի բազմաթիվ ընտանիքների ընտանեկան բյուջեի վրա։ Արտասահմանում և հիմնականում Ռուսաստանում վաստակած միջոցները, որոնք պետք է բավականացնեին մինչև գարուն, շատերի մոտ արդեն սպառվել է, դրա պատճառով ոմանք կրկին մեկնել են արտագնա աշխատանքի, սակայն, գյուղերում աշխատանքի մեկնելու մասսայական ուղևորությունները դեռ չեն սկսվել։ Գյուղի 10-20 տղամարդկանցից միայն մեկն է, անշահավետության պատճառով, պատրաստվում այս տարի խոպան չգնալ։ Մնացածը չեն կարող չգնալ, քանի որ այլ տարբերակ չունեն։
Մեկ ամսից Ջավախքի տղամարդկանց համար կսկսվի խոպանի՝ արտագնա աշխատանքների սեզոնը։ Ախալքալաքի շրջանում զանգվածային գործազրկության պատճառով խոպանը վաղուց դարձել է բազմաթիվ տղամարդկանց եկամտի միակ աղբյուրը։ Մեծամասնությունը չի կարողանում ընտանիքը պահել գյուղատնտեսությամբ, հատկապես, որ վերջին տարիներին շատերը չեն կարողանում կարտոֆիլը իրացնել, ինչպես նաև այն, որ Ջավախքում գյուղատնտեսությունն այդպես էլ բիզնեսի չվերածվեց։
«Անցյալ տարի Ռուսաստանում վաստակածս ռուբլին արդեն փոխանակել և ծախսել եմ: Ընտանիքս պետք է ապրի, այնպես որ բարձր կամ ցածր փոխարժեքին չես նայում, փոխանակում ես: Ես հո չեմ կարող սպասել, բացի այդ, դու չգիտես ինչքան սպասես, իսկ եթե հակառակը լինի ու ավելի էժանանա: Չգիտեմ ինչ անեմ, եթե մնամ: Հույսը կարտոֆիլի վրա դնել էլ չարժե: Գյուղացիները չեն կարող վաճառել, անցյալ տարի ընդհանրապես դեն են նետել, իսկ խոպանում գոնե գիտես, որ աշխատավարձ կա, թեկուզ և չնչին»,- ասաց Կաջո գյուղի բնակիչներից մեկը։
Խաչատուր Մարտիրոսյանը գոհ չէ ռուբլու փոխարժեքից, բայց այլ ելք չի տեսնում: Նա 2006 թվականից գնում է խոպան։
«Ահա, իմ համագյուղացիները մեկ տարի դաշտում աշխատել են, իսկ հիմա կարտոֆիլը չեն կարողանում վաճառել: Նրանք մեր ունեցածի այդ քիչն էլ չունեն»,- ասում է Խաչատուր Մարտիրոսյանը։
Արմեն Իսրայելյանը հոգնել է, այլևս չի ցանկանում մեկնել և պատրաստվում է զբաղվել հողագործությամբ: Նա արտագնա 2006 թվականից մեկնում է աշխատանքի։
«2006թ.-ից գնում եմ խոպան, բայց այս տարի ցածր փոխարժեքի պատճառով մտափոխվեցի, մնում եմ, գյուղատնտեսությամբ եմ զբաղվելու: Մեր գյուղում ինձ պես շատ մարդիկ կան, որ այլևս չեն ուզում եմ գնալ»,- ասում է Արմեն Իսրայելյանը։
Տարեց մի տղամարդ, ով այլեւս խոպան չի մեկնում, խոսում է խոպանի մեկ այլ խնդրի մասին, ոչ թե ֆինանսական, այլ հոգեբանական ու սոցիալական:
«Ոմանց համար սա ոչ միայն եկամուտ է, այլև սովորություն: Նրանք արդեն օտարացել են ընտանեկան հոգսերից, կամ արդեն չեն ուզում, այդպիսով նրանք ազատում են իրենց պատասխանատվությունից, հոգսերից: Նրանք սովորել են նման կյանքին։ 2-3 ամսից ավել չեն կարողանում տանը մնալ»,- ասաց նա։
Քիչ, թե շատ կվաստակեն, ուզում են, թե արդեն հոգնել են, բայց Ախալքալաքի մունիցիպալիտետում շատերի համար խոպանը դեռ եկամտի միակ աղբյուրն է, և քանի դեռ զբաղվածության վիճակը չի փոխվել, կամ տեղացիների համար գյուղատնտեսությունը բիզնեսի չի վերածվել, Ջավախքի տղամարդիկ «խոպանին» այլընտրանք չեն գտնում: