Այսօր՝ հունվարի 30-ին, Ներսիսյան հոգևոր ճեմարանի 200-ամյակի առթիվ կազմակերպվել էր էքսկուրսիա, որին մասնակցում էին Վիրահայոց թեմի աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև երիտասարդներ ու ուսանողներ։ Այն անցկացրեց հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը, ով այնտեղ անցկացվող ցուցահանդեսի հեղինակն է:

«Ցուցադրությանը ներկայացված է 200-ից ավել արխիվային փաստաթուղթ և լուսանկար, որոնք ես գտել եմ Հայաստանի և Վրաստանի ազգային արխիվներից, Հայաստանի և Վրաստանի ազգային գրադարաններից, Հայաստանի Եղիշե Չարենցի անվան արվեստի և գրականության, Պատմության, Սարդարապատի, Մատենադարանի թանգարաններում և մասնավոր հավաքածուներից և ցուցահանդեսը նվիրված է Ներսիսյան Հոգևոր Ճեմարանի 200-ամյակին։ Շատ կարևոր է, որ հենց այս պատմական շենքում է այս ամենը ցուցադրվում, որի համար շնորհակալություն եմ ուզում հայտնել հենց Կովկասյան համալսարանի տնօրինությանը, ովքեր շատ ջերմ ընդունեցին Վրաստանում Հայաստանի դեսպան պարոն Սմբատյանի նախաձեռնությունը», – Jnews-ի հետ զրույցում ասաց Լևոն Չիդիլյանը։

Վերջինս դրական է գնահատում երիտասարդների հետաքրքրությունը և նրան ուրախացրել է այն, որ այսօրվա էքսկուրսիային շատ երիտասարդներ և ուսանողներ էին մասնակցում։ Չիդիլյանի խոսքով, բոլորը պետք է իմանան այս բացառիկ դպրոցի մասին, դրա հետ մեկտեղ իմանան հայրենասիրության ու ազգանվիրության գաղափարը և նրանց մեջ սերմանվի սերը դեպի հայրենիք:

jemaram

jemaran 2

jemaran 3

jemaran 4

 

jemaran

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյա հոբելյանի կապակցությամբ Թբիլիսիի Կովկաս համալսարանում տեղի էր ունեցել «Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոց 200» ցուցահանդեսի բացման արարողությունը, որը կազմակերպել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Թբիլիսիի Կովկաս համալսարանի կողմից, իսկ այսօր հետաքրքվողները հնարավորություն ունեցան ուսումնասիրել և հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանի մեկնաբանմամբ ծանոթանալ արխիվային փաստաթղթերի և լուսանկարների հետ: