Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի կունենան 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները: «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության Ախալքալաքի գրասենյակում արդեն ակտիվություն է նկատվում: JNEWS-ը որոշեց պարզել, թե ինչ իրավիճակ է ընդդիմադիր կուսակցությունների Ախալքալաքի բջիջներում։

Խորհրդարանական այս ընտրությունները Վրաստանի համար անսովոր են, նախ այն պատճառով, որ Վրաստանում առաջին անգամ խորհրդարան ընտրվելու է լրիվ համամասնական ընտրակարգով (առանց մեծամասնական պատգամավորների ընտրությունների), և երկրորդ՝ քվեարկության գործընթացը տեղի է ունենալու էլեկտրոնային ձևաչափով։ Ընտրություններին մնացել է 9 ամիս։ Թվում է, թե պատրաստվելու ժամանակ կա, բայց Ախալքալաքում նախընտրական ակտիվություն գրեթե չի երևում, բացառությամբ թերևս միայն «Վրացական երազանքի» շտաբում։ JNEWS-ը հետաքրքրվեց, թե ինչպես են ընթանում Ախալքալաքում ընդդիմադիր կուսակցությունների գործերը։

Պահպանողական շարժում քաղաքական կուսակցության գրասենյակն Ախալքալաքում բացվեց 2022 թվականի սկզբին։ Այս կուսակցության հիմնադիրներն են «Ալտ-Ինֆո» ինտերնետային հարթակի ներկայացուցիչները, որոնք Վրաստանում հայտնի են որպես ծայրահեղ պահպանողական, ազգայնական և ռուսամետ: Ճիշտ է, այդ կուսակցության Ախալքալաքի գրասենյակը այդ ժամանակում որևէ շոշափելի աշխատանք չկատարեց, սակայն Jnews-ը գրասենյակի ղեկավար Արարատ Քամալյանից հետաքրքրվեց, Ախալքալաքում կուսակցության ծրագրերի մասին։

«Դեռ չենք աշխատում, բայց մտադիր ենք բացվել, երբ կբացվենք, չգիտեմ, ինձ չեն ասել»,- հեռախոսով ասաց Արարատ Քամալյանը։

Նրա խոսքով, կուսակցությունն Ախալքալաքում պաշտոնապես գրանցված անդամներ չունի։

«Լելո» կուսակցությունը Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյում ունի ներկայացուցիչ՝ պատգամավոր Զաքար Զաքարյանը։ Նա նաև ղեկավարում է Ախալքալաքի կուսակցական բջիջը։

«Մենք դեռ չենք սկսել ընտրություններին պատրաստվել: Դա ինձնից չէ կախված»,- պատասխանեց Զաքար Զաքարյանը, մեր հարցին, թե սկսվել է արդյոք կուսակցության Ախալքալաքի բջիջում ակտիվություն:

Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյում «Եվրոպական Վրաստան»կուսակցությունից կա 2 պատգամավոր, որոնցից մեկը Հարություն Ալեքսանյանն է։

«Մենք (խմբ. նկատի ունի գլխավոր գրասենյակը) ընտրացուցակներ կազմելով ենք զբաղված, դեռ կոնկրետ հանձնարարականներ չունենք: Գրասենյակը (խմբ. տեղի) փակ է, երկու ցուցակ է կազմվել, ընտրությունները կենտրոնում են լինելու, դրանցից մեկը կընտրեն: Մեկում 30 հոգի կա, մյուսում՝ 20, իմ անունը ցուցակներից մեկում կա»,- ասաց Հարություն Ալեքսանյանը։

Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյում «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններում անցկացրեց երկու պատգամավորի՝ Շիրվան Շիրինյանին և Արմեն Ունանյանին։ Սակայն նրանք երկուսն էլ կուսակցությունը լքեցին 2023 թվականի մայիսի վերջին և մնացին Սակրեբուլոյում որպես անկախ պատգամավոր։ Կուսակցությունը լքել են նաև բջիջի նախկին ակտիվիստները։

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության տեղական բջիջը 2023 թվականի մայիսի 20-ից ղեկավարում է Արսեն Կարապետյանը, ով նախկինում ներկայացնում էր «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը։

«Մենք մեր աշխատանքը չէինք էլ դադարեցրել, մենք միշտ, անկախ նրանից՝ ընտրություններ են, թե ոչ, հանդիպում ենք մեր ընտրողների հետ: Մենք միանշանակ աշխատանքներ տանում ենք: Գրասենյակը բաց է, աշխատանքներ տարվում են»,- ասաց նա։

Jnews-ը կապ հաստատեց նաև Աշոտ Խանոյանի հետ, ով 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցության ներկայացուցիչն էր Ախալքալաքում։

«Դեռ պարզ չէ, դեռ չենք սկսել, ընդհանրապես, ես դեռ այս կուսակցության ներկայացուցիչն եմ Ախալքալաքում, բայց աշխատանքները չեն սկսվել: Մենք ունեինք կուսակցականներ, բայց հիմա ամեն ինչ նորից կսկսվի, մենք նոր թիմ կհավաքենք»,- ասաց Աշոտ Խանոյանը։

Jnews-ը նաև հետաքրքրվեց, թե ինչ պլաններ ունի ակտիվ ընդդիմադիր Մելիք Ռայիսյանը, քանի որ նա և իր ակտիվիստների թիմը լքել են «ՄԱՇ»-ը։ Ռայիսյանը, 2012 թվականին, իշխող կուսակցության հետ պայքարել է «Վրացական երազանք»-ի շարքերում, այնուհետև եղել է «Ժողովրդավարական շարժում-Ազատ Վրաստան» կուսակցությունում, իսկ հետո մինչև 2023 թվականի գարունը եղել է «ՄԱՇ»-ի շարքերում։ Նա ասաց, որ դուրս է եկել «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից, բայց քաղաքականությունից չի հեռանալու։

«Ես ձեզ նման հաճույք չեմ պարգևի: Ես Նիկա Մելիայի թիմում եմ, որն արդեն կազմավորվել է, կուսակցության անունը դեռ չկա, բայց փետրվարին համաժողով կլինի, կընտրենք նախագահ: Մեզ է միացել Նիկա Գվարամիան »,- ասաց Մելիք Ռայիսյանը։

Նրա խոսքով, Ախալքալաքում իրական ընդդիմություն չկա:

«Արդեն ակնհայտ է, որ պետք է ձևավորվի երրորդ ուժ, բնակչության քաղաքական գիտակցությունը շատ ցածր է, մեր բնակչությունը միշտ ապրել է պանյատյաներով, իրական ընդդիմություն չունենք»,- ասաց Մելիք Ռայիսյանը։

Ախալքալաքի բնակչությունը քաղաքականապես ակտիվ չէ և ինտեգրված չէ Վրաստանի քաղաքական կյանքին։ Տարածաշրջանում ընդդիմությունն այնքան էլ լավ չի աշխատում։

«Ընդհանուր քաղաքացիական շարժում-Բազմազգ Վրաստան» կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը կարծում է, որ պատճառները մի քանիսն են։

-Նախ, ըստ նրա, բավարար ֆինանսական միջոցներ չկան։

«Նրանք փորձում են ծածկել այն վայրերը, որտեղ նրանք ավանդաբար ուժեղ են, որտեղից իրենց կուսակիցներն են, այն քաղաքները, որտեղ բնակչությունն ավելի քաղաքականացված է: Այն տարածքներում, որտեղ նրանք ուժեղ չեն, որտեղ քիչ հայտնի են, քանի որ վրացերեն հեռուստատեսություն չեն դիտում, իհարկե, նախընտրական շրջանում ծախսերը շատ ավելին են: Այդպիսի գումար չունեն: Սա բանալ, պրագմատիկ պատճառ է»։

– Երկրորդ պատճառն այն է, որ ընդդիմությունը քիչ աշխատանք է կատարում էթնիկ փոքրամասնությունների շրջաններում։

«Նրանք քիչ ուշադրություն են դարձնում փոքրամասնությունների շրջաններին: Իհարկե, ոչ բոլորը, բայց հիմնականում այդպես են: Նրանք լավ չգիտեն ընտրողների կարիքները, տարածքում աշխատելու համար պետք է իմանալ ընտրողի կարիքները»:

– Երրորդ պատճառն այն է, որ ընդդիմության համար դժվար է համախոհներ գտնել։

«Նրանք այդքան շատ շփումներ չունեն, շփումներ բնակչության շրջանում, որոնք կարող են նախընտրական քարոզարշավ իրականացնել: Նրանց ճանաչելիությունն այնտեղ շատ ցածր է, որպեսզի մարդիկ դառնան քաղաքական, և համապատասխանաբար ցածր է վստահության մակարդակը»:

Առնոլդ Ստեփանյանը սխալ է համարում այն տեսակետը, թե ազգային փոքրամասնությունները միշտ քվեարկում են իշխող կուսակցության օգտին:

«Սա ասում են նրանք, ովքեր լավ չեն հասկանում գործընթացը: Սա օգտագործվում է որպես վերապահում: Մարդն, ով առնվազն տարրական հմտություններ ունի վերլուծելու, թե ինչ է կատարվում, անպայման կհասկանա, որ եթե չաշխատես, մարդկանց չտաս ընտրություն, թողնես միայն մեկ ընտրություն, բնականաբար կողմ են քվեարկելու միակ ընտրությանը կամ ընդհանրապես չեն քվեարկելու»։