Սուրբ Սարգսի նախատոնակին՝ այսօր, Թբիլիսիում տեղի ունեցավ ուխտագնացություն դեպի Խարփուխի «Սուրբ Սարգիս» մատուռ։

Թբիլիսիում 2010 թվականից ի վեր Հայ Առաքելական եկեղեցին ձևավորել է հետաքրքիր ավանդույթ, ըստ որի՝ հոգևորականներով ուղեկցվող թափորը Սուրբ Էջմիածին եկեղեցուց շարժվում է դեպի Խարփուխի Սուրբ Սարգիս մատուռ: Այնտեղ կատարվում է աղոթք և մոմավառություն, որից հետո թափորը շարժվում է դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի: Սուրբ Սարգսի տոնն ուղեկցվում է ոչ միայն եկեղեցական ծեսերով, այլ նաև ժողովրդական ավանդույթներով:

axi blit

Այսօր, չշեղվելով արդեն ավանդույթ դարձած կարգից, ուխտավորների թափորը սկիզբ առավ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակից, այնուհետև շարժվեց դեպի Սուրբ Սարգիս հինավուրց մատուռ: Մոմավառությունից և աղոթքից հետո ուխտավորների թափորն առաջնորդվեց դեպի Մեյդանի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի:

axi blitt 1

Ժամը 17:00-ին, Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կատարվեց Սուրբ Սարգսի նախատոնակ, երիտասարդների օրհնության կարգ և աղի բլիթների բաժանում:

Նշենք, որ տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:

axi blitt

Եկեղեցին մարդաշատ էր, հավաքվել էին տասնյակ երիտասարդներ և անհամբեր սպասում էին իրենց հերթին՝ վերցնելու աղի բլիթը, որն էլ օգնելու է իրենց երազում տեսնել կյանքի երկրորդ կեսին:

axi blit 2

Նշենք նաև, որ վաղը՝ հունվարի 27-ին, ժամը 11:00-ին, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կմատուցվի Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների հիշատակին նվիրված տոնական Սուրբ և Անմահ Պատարագ: