Փետրվարին, Ախալքալաքի մունիցիպալիտետում, կմեկնարկի «Օգնություն գյուղին» (ՕԳԾ) 2024 ծրագիրը: Առաջնահերթությունների ընտրության նպատակով , փետրվարի 5-ից 14-ը գյուղերում կանցկացվեն հանդիպումներ։ Մունիցիպալիտետի գյուղերին հատկացված ընդհանուր գումարը ծրագրով կազմում է 922 000 լարի։
Ըստ ՕԳԾ-ի, Ախալքալաքի մունիցիպալիտետի յուրաքանչյուր գյուղում կանցկացվեն ժողովներ, որտեղ բնակիչները կընտրեն այն աշխատանքները, որոնք կցանկանան իրականացնել ծրագրով հատկացված միջոցներով:
64 գյուղերից առաջին օրը ժողովներ կանցկացվեն Կոկիո, Ալաստան, Վարեւան գյուղերում։ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը կազմել է գյուղերում բնակչության հետ հանդիպումների ժամանակացույց։ Տեղական իշխանությունների ներկայացուցիչները հանդիպումներին պետք է ներկա լինեն, որոնք կանցկացվեն ամեն օր մի քանի գյուղերում։ Քաղաքապետարանում ստեղծվել են ժամանակավոր հանձնաժողովներ՝ կազմված քաղաքապետարանի և սակրեբուլոյի աշխատակիցներից, որոնք պետք է մասնակցեն բնակչության հետ ժողովներին, կազմեն աշխատանքների արձանագրություն, բայց չմիջամտեն առաջնահերթությունների ընտրությանը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի համար ՕԳԾ-ով նախատեսված գումարը մի քանի տարի է չի փոխվում և կազմում է 922 000 լարի։
Փոփոխություններ են տեղի ունեցել միայն ծրագրով թույլատրված աշխատանքների ցանկում, այս տարի բնակիչները չեն կարող ծրագրից միջոցներ ծախսել ամբուլատորիաների կառուցման վրա, քանի որ բոլոր ամբուլատորիաներն աստիճանաբար փոխանցվում են «Վրաստանի բժշկական հոլդինգ»-ին։
Ախալքալաքի մունիցիպալիտետում ՕԳԾ-ով հատկագված ամենափոքր գումարը կազմում է 10000 լարի, իսկ ամենամեծ գումարը՝ 20000 լարի։ Նաև, կախված բնակչության թվից, գյուղերը կարող են ստանալ 12000 լարի կամ 16000 լարի։ Յուրաքանչյուր գյուղ այս տարի ստացել է նույն գումարը, ինչ նախորդ տարի։
Վրաստանում «Օգնություն գյուղին» ծրագիրն, երկու տարի ընդմիջումով (2017 և 2018 թվականներ), իրականացվում է 2011 թվականից։