Հունվարի 24-ին Ախալքալաքի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցում գտնվող մինի մարզադաշտի վերականգնման համար։ Աճուրդի սկզբնական գումարը կազմում է 50 847 լարի:

Առաջարկների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 5-ն է։ Աշխատանքները պետք է սկսվեն ապրիլի 15-ից և պետք է ավարտվեն մոտ 30 օրից։ Այսինքն՝ եթե մրցույթը կայանա առաջին անգամից, ապա մինչև մայիսի վերջ Աղմաշենեբելի փողոցի բարձրահարկ շենքերի երեխաները կունենան վայր, որտեղ հարմարավետ կկարողանան խաղալ գնդակով։

Ծրագիրը գտնվում է Ախալքալաք քաղաքի Աղմաշենեբելի փողոցում գտնվող հողամասում։ Նախագիծը նախատեսում է բացօթյա փոքր մարզահրապարակի կառուցում։ Գոյություն ունեցող մարզադաշտում կհեռացվեն մետաղական դարպասները, կտեղադրվի մոնոլիտային երկաթբետոնե սալիկ, կլինի նաև նոր ծածկ և լուսավորություն: Մետաղական ցանցը կվերականգնվի։ Դաշտի մակերեսին կտեղադրվի մոնոլիտային երկաթբետոնե սալիկ, որի վրա կփռվի արհեստական խոտածածկույթը։ Մարզադաշտը լուսավորելու համար մետաղյա ցանկապատի վրա պետք է տեղադրվի լուսադիոդային լուսարձակ։

Հիշեցնենք, որ Աղմաշենեբելի փողոցի բազմահարկ շենքերի բակում հայտնվել է գողտրիկ զբոսայգի՝ մանկական խաղահրապարակով։ Տարածքում բնակվող դեռահասները, ովքեր նախկինում բողոքում էին, որ խաղալու տեղ չունեն, տեղական իշխանություններին խնդրել էին վերականգնել նաև զբոսայգուն հարող ֆուտբոլի փոքր մարզադաշտը: Այն սարսափելի վիճակում է։ Փոքր մարզադաշտի կանաչ ծածկը գցված է դրա կողքին՝ փողոցում, ցեխի մեջ, ցանցերը պատառոտված են։ Մարզադաշտը կառուցվել էր մի քանի տարի առաջ, բայց շատ արագ դուրս էր եկել շարքից և այլևս չի օգտագործվում, երեխաները ստիպված են այլ վայրեր գտնել ֆուտբոլ խաղալու համար։

Jnews-ի հետ զրույցում Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանն ասել էր, որ փոքր մարզադաշտի վերականգնումը նախատեսված է եղել 2022 թվականին, սակայն շենքի բնակիչները, որոնք ապրում են հենց մարզադաշտի հարևանությամբ, բողոք են գրել անպարկեշտ խոսքերի ու գիշերվա ժամերին բղավոցների պատճառով և խնդրել չվերականգնել մարզադաշտը։ Սակայն հետո քաղաքապետը խոստացել էր փոքրիկների համար խաղալու վայր կազմակերպել։