Այս տարի Վրաստանում տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնք 2020 թվականին խորհրդարանի կողմից ընդունված փոփոխությունների արդյունքում կանցկացվեն նոր՝ լրիվ համամասնական ընտրակարգով։ Jnews-ը զրուցել է Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման կովկասյան ինստիտուտի նախագահ Գիա Նոդիայի հետ քաղաքական ասպարեզում ուժերի հարաբերակցության, ինչ սպասել այս ընտրություններից, ինչպես կազդի ընտրական նոր համակարգը ազգային փոքրամասնությունների ներկայացվածության վրա և շատ ավելիի մասին:

Ի՞նչ կարող ենք ակնկալել ընդհանրապես այս ընտրություններից։

– Կարծում եմ, կարելի է սպասել, որ ընտրությունները կլինեն լարված։ Չեմ կարծում, որ հնարավոր է որոշակիորեն կանխատեսել արդյունքը: Իրատեսական շանսեր կան, որ իշխող կուսակցությունը կրկին կհաղթի, բայց դրա համար երաշխիքներ չունի, կարող է հաղթել նաև ընդդիմությունը։ Եվ իրականում ընտրությունը երկու տարբերակի միջև է՝ կա՛մ իշխող կուսակցությունը կմնա իշխանությունում, կա՛մ կգա տարբեր ընդդիմադիր ուժերի կոալիցիան։ Իհարկե, կա երրորդ տարբերակ, որն ինձ թվում է համեմատաբար ավելի քիչ սպասված է, սա «Վրացական երազանքի» կոալիցիան է ինչ-որ այլ կուսակցության հետ։

Ինչպիսի՞ն է ուժերի հարաբերակցությունը քաղաքական դաշտում այս պահին։ Ի՞նչ կուսակցությունների հետ գործ ունենք։

– «Վրացական երազանք», սա պարզ է, հզորությունը կայուն է։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիր սպեկտրին, ապա դեռ խառնաշփոթ է ու տատանումներ կան, կուսակցությունները դեռ այն փուլում են, երբ բոլորը գործընկերներ են փնտրում, բոլորը որոշում են, թե ինչ ձևաչափով գնալ ընտրությունների։ Քանի որ կա 5 տոկոս ընտրաշեմ, իսկ ընդդիմադիր կուսակցությունների մեջ, կարծում եմ, միայն ՄԱՇ-ն է երաշխավորված 5-ից ավելի տոկոս ունենալու համար, կա նաև Գախարիայի կուսակցությունը, որը համեմատաբար ավելի մեծ շանսեր ունի հաղթահարելու ընտրաշեմը, թեև երաշխիքներ չկան։ Կան մի քանի այլ քաղաքական կուսակցություններ, որոնք շեմը հաղթահարելու շատ քիչ շանսեր ունեն։ Միասնական ցուցակների համար տարբեր բանաձևեր են դիտարկում, և կարծում եմ, որ այդ բանաձևերը կգտնվեն, և ընդդիմությունը ներկայացված կլինի 2-3 նման ցուցակներով։

Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն կլինի իշխող կուսակցության և ընդդիմության վարքագծի ռազմավարությունը կենտրոնում և շրջաններում։

-Կարծում եմ՝ հատուկ սկզբունքորեն նոր ռազմավարություններ չեն լինի։ Նրանք խոստումներ են տալու, միմյանց քննադատելու։ Իշխող կուսակցությունը միշտ ավելի շատ ռեսուրսներ ունի, քան ընդդիմությունը։ Բնականաբար, իշխող կուսակցությունը ծախսերի վրա չի խնայելու, քանի որ նրա հաղթանակը շատ կարևոր է։

Որքանո՞վ տեղ կունենա ընտրակեղծիքը:

– Վերջին տարիներին կեղծիքները հիմնականում ոչ ընտրությունների օրն են տեղի ունենում, թեև դրանք նույնպես լինում են, այլ, հիմնականում, ընտրություններից առաջ ամենատարբեր ապօրինի մեթոդներ են կիրառվում՝ ահաբեկելու, ընտրակաշառքի միջոցով։

Արդյո՞ք իշխող կուսակցության ավանդական շեշտը դրվելու է բիզնեսի, բիզնեսի հետ սակարկության վրա:

– Այո, իհարկե, բիզնեսի հետ միշտ ինչ-որ կերպ համաձայնվում են, որ մենք հարկային որոշ տուգանքներ կներենք, բայց եթե դուք լոյալ չլինեք, ուրեմն ստուգումներ կունենաք և այլն։ Սա ապացուցված մեթոդ է, և ես չեմ կարծում, որ «Վրացական երազանքը» կհրաժարվի դրանից։

Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է պայմանավորված այն, որ շրջաններում իշխանությունում գտնվող կուսակցությունը վստահորեն հաղթում է մեծ տարբերությամբ։

– Շրջաններում ավելի քիչ է նկատվում ինքնուրույն քաղաքական ակտիվություն։ Ընդդիմության ուժը կախված է նրանից, թե որքան անկախ քաղաքական ակտիվություն կա, որքան քաղաքականացված է բնակչությունը, իսկ մարզերում մարդիկ ավելի հեռու են քաղաքականությունից, և դա հեշտացնում է իշխող կուսակցության գործը։

Այս տարի մենք առաջին անգամ կունենանք ընտրություններ առանց մեծամասնական պատգամավորների: Ի՞նչ եք կարծում, սա ինչպե՞ս կանդրադառնա խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայացվածության վրա:

– Փաստացիորեն, դա կախված է կուսակցության մարտավարությունից, թե որքանով նրանք իրենց ընտրացուցակների անցողիկ մասում կընդգրկեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ Կարծում եմ, որ դա հավանաբար կբերի խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայացվածության նվազմանը։ Բայց ինչ-որ մեկը հաստատ ներկայացված կլինի այս ցուցակներում։ Ընդհանրապես, համամասնական ընտրակարգի անցումն ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր։ Կարծում եմ՝ մեր պայմաններում ավելի շատ դրական կողմեր կան, բայց բացասականն, առաջին հերթին, այն է, որ ցանկացած շրջան, ոչ միայն ազգային փոքրամասնություններով բնակեցվածները, ավելի քիչ ներկայացված կլինեն։ Ծանրության կենտրոնը միշտ ծգվել է դեպի Թբիլիսի, և այժմ այդ միտումը կուժեղանա։

Դրականն այն է, որ մեծամասնական ընտրությունների բաղադրիչը միշտ աշխատել է իշխող կուսակցության օգտին։ Վրաստանում դժվար է ընտրությունների միջոցով իշխանափոխությունը, սա արդեն ժողովրդավարության խնդիրն է, ժողովրդավարության մեջ դժվար չպետք է լինի իշխանություն փոխելը։ Մեծամասնական ընտրություններում իշխող կուսակցությունը միշտ ավելի մեծ շանսեր ունի իր թեկնածուին անցնելու։ Մինչդեռ համամասնական ընտրություններում, եթե կուսակցությունը չի կարողանում մոտենալ 50%-ին, դա նշանակում է, որ պարտվելու է, և կամ պետք է ինչ-որ մեկի հետ կոալիցիայի մեջ մտնի, կամ զիջի իշխանությունը։