Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեով միջոցներ են հատկացվել քաղաքի կենտրոնական զբոսայգու և փոքր մարզադաշտի հարևանությամբ՝ քաղաքի կենտրոնում գտնվող շենքի վերականգնման համար։
Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեով «զբոսայգու հարևանությամբ գտնվող շենքի վերականգնման համար» 300 հազար լարի է հատկացվել:
«Զբոսայգու դիմացի, փոքր մարզադաշտի կողքի այս շենքը կիսաքանդ է: Նախկինում սա մարզադահլիճ է եղել: Ուզում ենք վերանորոգել, որպեսզի եթե ստացվի, սպորտով զբաղվելու տեղ, մարզադահլիճ բացենք»,- ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի տնտեսական զարգացման և գույքային ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը։
Նախկինում այս շենքը, ինչպես և նախկին համալսարանի շենքը, որը տեղացիներն անվանում էին «Քեյան», ծառայել է որպես 9-ամյա ռուսական դպրոց։ Դպրոցի փակումից և այնուհետև տարածքների վաճառքից հետո մարզադահլիճը չի վաճառվել և այդ ժամանակվանից դատարկ է: Այս պահին կիսավեր շենքի դիմաց գտնվում է քաղաքի փոքր մարզադաշտը և հասարակական զուգարանը։