Ախալքալաքի հագուստի տոնավաճառի վաճառվողները պահանջում են տեղի իշխանություններից բարելավել տոնավաճառի պայմանները, սակայն տեղի իշխանությունները հրաժարվում են, քանի որ վայրը, որտեղ այժմ տեղակայված է տոնավաճառը, համարվում է զբոսայգի:

Այսօր ժամը 12:00-ին, տոնավաճառի մոտ 20 վաճառող եկել էին Ախալքալաքի շրջանային վարչություն արտահայտելու իրենց բողոքը տեղի իշխանություններին, տոնավաճառի պայմանները բարելավելուց հրաժարվելու համար:

Մի քանի օր առաջ տոնավաճառի վաճառողները դիմում էին գրել Ախալքալաքի շրջանային վարչությանը խնդրելով 2017 թ.-ի տեղական բյուջեում մտցնել գումար վաճառողների պայմանները բարելավելու համար: Բարեկարգել առևտրի տեղերը:

Դեռ իրենց դիմումի պաշտոնական պատասխանը վաճառողները չեն ստացել, սակայն, տոնավաճառի վարձակալ Ադամ Այվազյանի խոսքերով, նրան բանավոր պատասխանել են հրաժարականով:

«Մենք էսքան տարի է հարկեր ենք վճարում տեղական բյուջեին, միթե նրանք չեն կարող ստեղծել մեզ համար նորմալ պայմաններ, փակել տոնավաճառը բոլոր կողմերից: Այս սառնամանիքներին մենք կանգնում ենք ու առևտուր անում, իսկ վերևից ձյուն է գալիս: Երեկ ամբողջ օրը մենք ձյուն ենք մաքրել», – դժգոհում է Իռա Մելքոնյանը:

Վաճառողները սկզբում կանգնեցին Շրջանային վարչության մուտքի մոտ, հետո նրանցից երկուսը գնացին տնտեսական բաժին, որտեղ նրանց հարցերին պատասխանեց բաժնի մասնագետ Վահան Բաթոյանը:

«Մենք գիտենք ձեր դժվար պայմանների մասին և մտածում ենք ինչպես բարելավել դրանք և թե ուր է հնարավոր տեղափոխել տոնավաճառը: Այդ վայրում պետք է լինի զբոսայգի: Դեռ փնտրում ենք հարմար տեղ տոնավաճառի համար: Մինչև առևտրականներին չտեղավորենք մեկ այլ տեղ, այդտեղ զբոսայգին չենք կառուցի: Իսկ հարկերը միայն վերջին տարիներս են մտնում տեղական բյուջե, իսկ մինչ այդ փողը գնում էր ինչ-որ մեկի գրպանը», – ասաց Վահան Բաթոյանը:

Սակայն վաճառողները չեն ցանկանում հեռանալ այդ վայրից:

«Ես համաձայն չեմ, գնալ այլ տեղ: Այստեղ մեզ շատ հարմար է: Հետո այստեղ կողքին խանութներն են, շուկան, այստեղ առևտրի համար շատ հարմար տեղ է: Խանութներում շատ թանկ է, դա մեզ ձեռք չի տալիս», – ասաց Գայանե Պալոյանը:

Մարդիկ տոնավաճառում կանգնում են -14С աստիճան ցրտի պայմաններում, գումարի հետ միասին «վաստակում են» նաև մի փունջ հիվանդություններ, սակայն Ախալքալաքի պայմաններում, սա այն վայրերից մեկն է, որտեղ զբաղված է բնակչության մեծամասնությունը:

Շուշան Շիրինյան