Ախալքալաքի քաղաքապետարանը երրորդ անգամ է մրցույթ հայտարարել Ախալքալաքի Լևոն Դարբինյան փողոցի տարածքի բարեկարգման աշխատանքների համար։ Այս անգամ նախագիծը նախատեսված է երկու տարվա համար, իսկ դրա ընդհանուր արժեքը բարձրացել է։
Աշխատանքների իրականացման առաջին մրցույթը հայտարարվել էր 2026 թվականի մարտի 25-ին։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ գնումը չի կայացել մասնակիցների բացակայության պատճառով։ Հունիսի 9-ին Ախալքալաքի քաղաքապետարանը երկրորդ մրցույթն էր հայտարարել «Ախալքալաքի մունիցիպալիտետում Լևոն Դարբինյան փողոցի տարածքի բարեկարգման աշխատանքներ» անվամբ։ Նախագծի իրականացման համար նախատեսված էր 110 649 լարի։ Հայտերի ընդունումն ավարտվել էր հունիսի 22-ին։ Երկրորդ մրցույթի պայմանների համաձայն՝ մատակարար ընկերությունը պետք է աշխատանքները սկսեր քաղաքապետարանից համապատասխան գրությունը ստանալուց հետո և ավարտեր 120 օրացուցային օրվա ընթացքում։ Սակայն նախագիծը կրկին ներկայացվել է գնման։
Հոկտեմբերի 1-ին Ախալքալաքի քաղաքապետարանը երրորդ մրցույթն է հայտարարել Լևոն Դարբինյան փողոցի բարեկարգման աշխատանքների համար։ Այս անգամ գնումը դարձել է բազմամյա։ Նախագծի ընդհանուր արժեքը բարձրացել է և կազմում է 195 432 լարի։ Դրանցից 110 000 լարի նախատեսված է 2026 թվականի, իսկ 85 432 լարի՝ 2027 թվականի համար։
Աշխատանքների կատարման ժամկետը պայմանագրի կնքման պահից 150 օր է։ 2026 թվականին աշխատանքների կատարման համար նախատեսված է 80 օր, իսկ 2027 թվականին՝ 70 օր՝ սկսած մայիսի 1-ից։ Երրորդ մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը կավարտվի հոկտեմբերի 12-ին։
Ախալքալաքի քաղաքապետարանում պարզաբանել են, թե ինչով է պայմանավորված իրականացման ժամկետի և գումարի ավելացումը։
«Նախագծում ոչինչ չի փոխվել։ Մենք վերանայել ենք գումարը, գները։ Մասամբ պատճառը գնաճն է և այն, որ ամեն ինչի գներն աճել են, ինչպես նաև այն, որ նախագծում տեխնիկական սխալ կար, որը մենք շտկել ենք։ Այդ պատճառով էլ գումարը կազմել է այսքան։ Քանի որ մրցույթը բավական ուշ է հայտարարվել, և մենք կարծում ենք, որ հնարավոր է՝ չհասցնեն իրականացնել նախագիծը, ուստի նախագիծը հաշվարկել ենք երկու տարվա համար», — փոփոխությունները բացատրել է Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսեսյանը։
Ի՞նչ է նախատեսում բարեկարգումը
Մրցութային տեղեկատվության համաձայն՝ նախագիծը նպատակ ունի կարգավորել առկա ճանապարհային ենթակառուցվածքը, բարձրացնել անվտանգության չափանիշները և օպտիմալացնել տրանսպորտային հոսքը։
Նախագծի շրջանակում նախատեսվում է ապամոնտաժել առկա եզրաքարը, ինչպես նաև հեռացնել տարածքում գտնվող ծառերն ու կանաչապատումը։ Դրանից հետո նախատեսվում է կառուցել ճանապարհի նոր բաժանարար գոտի։ Բաժանարար գոտին ճանապարհի կենտրոնական հատվածում տեղադրվող բետոնե կառույց է, որն ապահովում է տրանսպորտային հոսքերի ֆիզիկական տարանջատումը։
Նախագծի նկարագրության համաձայն՝ բաժանարար գոտու կառուցումը պետք է նպաստի ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը, վթարների ռիսկի նվազեցմանը և տրանսպորտային հոսքի կազմակերպման բարելավմանը։ Բացի այդ, նախագիծը նախատեսում է նոր լուսավորության համակարգի տեղադրում և տարածքի կանաչապատում։



