Վրաստանում գործազրկության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիի, Քվեմո Քարթլիի և Իմերեթիի շրջաններում, իսկ ամենացածրը՝ Կախեթիում, մինչդեռ բիզնես ոլորտում աշխատողների միջին ամսական աշխատավարձն ամենաբարձրն է Թբիլիսիում՝ 1505,8 լարի։

Ավելի կոնկրետ, ըստ «Վրացստատ»-ի վերջին տվյալների՝ գործազրկության մակարդակը Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիի շրջաններում կազմում է 30%, Քվեմո Քարթլիում՝ 25,2%, Իմերեթիում՝ 23,1%։ Մյուս շրջաններում այս վիճակագրությունն ունի հետևյալ տեսքը՝ Շիդա Քարթլի՝ 22,3%, Թբիլիսի՝ 19,5%, Աջարիայի Ինքնավար Հանրապետություն՝ 18,4%, Գուրիա՝ 17,1%, Սամեգրելո-Զեմո-Սվանեթի՝ 15,7%, Սամցխե-Ջավախեթի՝ 14,9%, Մցխեթա-Մթիանեթի՝ 14,7%, Կախեթի՝ 8,7%։

Ինչ վերաբերում է բիզնես ոլորտում գործառված աշխատողների միջին ամսական աշխատավարձին, ապա Թբիլիսիից հետո գալիս է Մցխեթա-Մթիանեթին, որտեղ այդ ցուցանիշը կազմում է 1296 լարի։

Մյուս շրջաններում համապատասխան վիճակագրությունը (լարիով) հետևյալն է. Քվեմո Քարթլի՝ 1181,6, Աջարիայի Ինքնավար Հանրապետություն՝ 1080,6, Իմերեթի՝ 1045,9, Սամեգրելո-Զեմո-Սվանեթի՝ 977,5, Սամցխե-Ջավախեթի՝ 962,4, Կախեթի՝ 901,1, Շիդա Քարթլի՝ 861,9, Գուրիա՝ 763,4, Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի՝ 726,8: