Դեկտեմբերի 15-ին, Երևանում իրականացվել է «Ազգային արժանապատվության» երթ, հազարավոր քաղաքացիներ քայլարշավ են սկսել Սասունցի Դավիթի կայարանից, կանգ արել Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի մոտ։ Երթի մասնակիցները վանկարկել են «Միացե՛ք», «Նիկոլ, հեռացիր», «Նիկոլ՝ դավաճան», «առանց Նիկոլ Հայաստան»։
«Հայրենիքի փրկության շարժումն» ավելի վաղ հայտարարել էր, որ այս շաբաթ ամեն օր երթ են իրականացնելու, այն կոչվում է «Արժանապատվության երթ», իսկ շաբաթավերջին` հանրահավաք: Երթն ուղեկցել են բազմաթիվ ոստիկաններ։
Ընդդիմադիրները հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանություն չունի: ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ շարունակելու են իրենց անհնազանդության ակցիաներն այնքան ժամանակ, մինչև վարչապետը հրաժարական ներկայացնի:
Իսկ Փաշինյանը երեկ, հիշեցնենք, ևս մեկ անգամ հայտարարել է, թե չի պատրաստվում հրաժարական տալ կամ հրաժարական կտա այն դեպքում, երբ ժողովրդի կամարտահայտման հավաստի դրսևորում տեսնի, քանի դեռ դա չկա, նա շարունակելու է իր պարտականությունները:
Երթին մասնակցել է նաև «Հայրենիքի փրկության» շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Ես պայքարում եմ ոչ միայն ապագայի համար, այլ նաև մեր այն տղերքի հիշատակի, որոնք զոհվեցին՝ երազելով, որ մենք ունենալու ենք ազատ, արդար, հզոր երկիր։ Մենք նորից ոտքի ենք կանգնելու, մենք հզոր ժողովուրդ ենք, մենք հիմա իրարից մի քիչ հիասթափվել ենք, մենք ինքներս մեզնից ենք հիասթափվել, մենք ընկճվում ենք, բայց հզոր ժողովուրդ ենք, նորից ոտքի ենք կանգնելու»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է Վազգեն Մանուկյանը։