Արդեն երկու ամիս է Ախալքալաքի մունիցիպալիտետում սկսել են տարածում գտնել սուր շնչառական վարակները։ Ինչպես նշում են մասնագետները տարածված է ինչպես կորոնավարակը, այնպես էլ սովորական գրիպը։

Ախալքալաքի առողջապահական կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանն ասում է, որ կորոնավարակի դեպքերը հիմնականում չեն բացահայտվում, քանի որ մարդիկ թեստ չեն հանձնում։

«Մենք գիտենք, որ կորոնավարակ կա, սակայն ոչ ոք չի գալիս թեստ հանձնելու, այդ պատճառով չենք կարող ասել ինչքան է քանակը։ Կան այնպիսիները, երբ բարդանում է վիճակները գնում են Ախալցիխե, այնտեղից տեղեկանում ենք, որ կորոնավարակ է։ Ախտանիշները նույնն են ինչպես գրիպի դեպքում։ Այս անգամ կորոնավարակը չի առաջացնում բարդություններ։ Ախտանիշներն են՝ ջերմության բարձրացում, հազ, կոկորդի ցավ։ Վրուսի առաջին նախանշանը հենց կոկորդային ցավն է։ Հիմանակնում վարակը տանում են տան պայմաններում»։

Տոնականյանի խոսքով, եթե ժամանակին չեն գալիս թեստ հանձնելու, այսինքն 4-5 օր անց են հանձնում, ապա թեստը կորոնավարակ ցույց չի տալիս։

Թե ինչպես տարբերել կորոնավարակը սովորական գրիպից Տոնականյանն ասում է՝ շատ հեշտ, քանզի կորոնավարակի ժամանակ ավելի շատ է մարմնի թուլությունը և հաճախակի են գլխացավերը։

Ախալքալաքի առողջապահական կենտրոնի տնօրենը հորդորում է շուտ-շուտ լվանալ ձեռքերը, սպիրտով հաճախ մաքրել, օգտագործել շատ հեղուկ, կարելի է խմել նաև դեղատներում վաճառվող թեյերը։ Շնչադիմակ կրել՝ ինչպես հիվանդները, այնպես էլ առողջները։

Հարկ է նշել, որ գրիպի դեմ մեր մունիցիպալիտետում պատվաստվել է 590 մարդ։ Հիմա հիվանդանոցում 26 չափաբաժին կա, պատվաստվել ցանկացողները կարող են դիմել։

«Այս ցուցանիշը չի կարելի համարել ոչ շատ լավ, ոչ էլ վատ, նորմալ է», – եզրափակեց Ախալքալաքի առողջապահական կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը։