Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում դեկտեմբերի 19-ին բացվել է հեմոդիալիզի բուժսենյակ։ Պրոցեդուրան անցել են առաջին 4 բուժառուները։
Ջավախքում երիկամային անբավարարությամբ 30-ից ավելի բնակիչներ դեռ շաբաթական 3 անգամ գնում են Ախալցիխե՝ հեմոդիալիզ ստանալու նպատակով, կամ բնակվում են այնտեղ։ Եվ ևս մի քանի հոգի լքել են քաղաքը և ընդհանրապես երկիրը, քանի որ այս բժշկական ծառայությունը չէր տրամադրվում:
Առավոտյան ժամը 9-ին Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներից 4 բնակիչներ հավաքվել էին Ախալքալաքի հիվանդանոցում, առաջին անգամ նրանք ստիպված չեն եղել անցնել 80 կմ և ավելի ոլորուն ճանապարհը դեպի Ախալցիխե քաղաք՝ նրանց համար կենսական նշանակություն ունեցող հեմոդիալիզի պրոցեդուրա անցնելու համար: Մարդկանց համար, ովքեր 3-4 ժամ անցնում են արյան մաքրման բարդ պրոցեդուրա, նրանք նաև պետք է 3 ժամ անցկացնեին ճանապարհին։ Ասում են, որ ճանապարհին հաճախ են ստիպված եղել շտապօգնություն կանչել, երբ նրանցից որևէ մեկը վատացել է։ Հավաքվելով՝ նրանք հիշեցին այն մարդկանց, ովքեր այդպես էլ չտեսան այն օրը, որ վերջապես հեմոդիալիզի դաժան գործընթացն իրականացվում է արդեն տեղում։ Հիշեցին օրերս հուղարկավորած 18-ամյա երիտասարդ աղջկան, ասացին, որ այս պահին հեմոդիալիզի կարիք ունեցող տղամարդիկ ավելի շատ են, քան կանայք։
– Այստեղ շատերը տարիներ շարունակ տանջվել են ճանապարհին՝ 17 տարի, 9 տարի, 7 տարի։ Անընդհատ այնտեղ գնալը շատ դժվար էր, հատկապես ամանորյա օրերին դպրոցականների պես էին իրենց պահում, և մտածում էին, թե ինչպես անեն, որ Ամանորին անհրաժեշտություն չլինի գնալ Ախալցիխե՝ հեմոդիալիզի, այլ տոներն անցկացնել երեխաների, ընտանիքի հետ:
– Հայրս 17 տարի հեմոդիալիզ է ստանում , մենք Դիլիֆ գյուղից ենք։ Առաջին 8 տարին մենք ապրում էինք վարձով բնակարանում, երբ Բորժոմիում էին հեմոդիալիզն անում։ Իսկ հետո գնացինք Ախալցիխե, հետո մայրս հիվանդացավ ու մահացավ։ Ախալքալաքում հեմոդիալիզի բաժանմունք բացելը փրկություն է: Այն ժամանակ հեմոդիալիզի համար վճարում էինք 90 լարի, հետո 120 լարի։
Քննարկում էին իրար մեջ հեմոդիալիզին սպասող բուժառուները:
Ախալքալաքում գտնվող կաբինետը, որտեղ հեմոդիալիզը կիրականացվի, գտնվում է հիվանդանոցի 1-ին հարկում, մեկ սենյակում՝ փոքրիկ հանդերձարանով և սանհանգույցով։ 4 սարքերը տեղադրված են իրար կողքի։ Հեմոդիալիզի բուժառուները հիվանդատեղերը ծածկել էին իրենց բերած սավաններով ու վերմակներով։ Նրանց համար այս գործընթացը առօրեական երևույթ էր։
Ողջ գործընթացը վերահսկվում էր ինչպես տեղացի բժիշկների կողմից՝ հիվանդանոցի մենեջերի գլխավորությամբ, այնպես էլ այցելու մասնագետների, ովքեր սկզբնական շրջանում կաջակցեն ախալքալաքցի գործընկերներին, ովքեր պետք է վերապատրաստվեն 6 ամիս՝ հեմոդիալիզով հիվանդներին սպասարկելու համար։
«Այսօր պատմական օր է, քանի որ մենք դրա համար պայքարել ենք երկար տարիներ, ավելի քան 5 տարի, որպեսզի այս հեմոդիալիզի կենտրոնը լինի Ախալքալաքում, և այս ծառայությունը մատուցվի Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների հիվանդներին։ Սա չակերտների մեջ հաղթանակ է հիվանդների համար, բնակիչների համար, հաղթանակ այս հիվանդությամբ տառապող բուժառուների համար, ովքեր ստիպված էին ամեն երկրորդ օրը 70-150 կմ ճանապարհ անցնել հեմոդիալիզ անցնելու համար: Սովորաբար ոչ բոլոր հիվանդները կարող են դիմանալ այս ճանապարհին: Քանի որ դա շատ դժվար է: Սա շատ Կարևոր և պահանջարկ ունեցող ծառայություն է, որը մենք խոստացել էինք մեր բնակչությանը, ես անձամբ եմ զբաղվել այդ հարցով: Իհարկե, դժվարությունները շատ էին, դժվարություններ կային դեռ հենց երեկ, կենտրոնի բացումը կասկածի տակ դրվեց, քանի որ կային տեխնիկական և կազմակերպչական հարցեր, բայց ի ուրախություն մեզ, մենք գործը հասցրինք ավարտին»,- ասաց հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը։
Ախալքալաքի հիվանդանոցից հայտնում են, որ Ջավախքից 36 հիվանդ հեմոդիալիզի կարիք ունի, այս պահին Ախալքալաքում հեմոդիալիզի ծառայություններ ստանալու պատրաստակամություն է հայտնել 16 հոգի։
«Այս պահին ունենք 4 սարք, անհրաժեշտության դեպքում կլինեն ևս 2-ը: Գումարած դրան, մենք պետք է աշխատենք օրական առնվազն 3 հերթափոխ, յուրաքանչյուր հերթափոխ տևում է 4-4,5 ժամ: Անհրաժեշտության դեպքում կաշխատենք նաև շաբաթ և կիրակի օրերին, եթե պացիենտները նման կարիք ունենան: Ես տրամադրված եմ, որ մեր շրջանից ոչ մի պացիենտ ոչ մի տեղ չի մեկնի, այլ մեզ մոտ կստանա այս բուժօգնությունը: Իհարկե, եթե պացիենտներն ու նրանց հարազատները դա ցանկանան: Մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները»,- ասաց մենեջերը։
Հիվանդանոցն ունի համապատասխան բժիշկների կարիք (նեֆրոլոգ կամ վերապատրաստված թերապևտ), քանի որ միայն մեկ թերապևտ է ցանկություն հայտնել վերապատրաստվել։ Սակայն անհրաժեշտ է առնվազն 2 մասնագետ։ Մինչ տեղի անձնակազմի և բժիշկների վերապատրաստումը, հիվանդներին կսպասարկեն Ախալցիխեի բժիշկներն ու բուժքույրերը, ովքեր ունեն հեմոդիալիզով հիվանդների հետ աշխատելու փորձ:
Հիշեցնենք, որ այս խնդիրը միշտ էլ եղել է՝ Jnews-ը բազմիցս ներկայացրել այն մարդկանց պատմությունները, ովքեր ստիպված են եղել բազմաթիվ դժվարությունների միջով անցնել, որպեսզի ապրեն: