Դոլարի աճի, կորոնավիրուսի Վրաստանի տնտեսության վրա ազդեցության, մթերքների գնաճի և այլ կարևոր հարցերի մասին, Jnews-ը զրուցել է Տնտեսագիտության միջազգային դպրոցի (ISET) ավագ աշխատակից Գիորգի Մժավանաձեի հետ:
– Ինչո՞ւ է լարին արժեզրկվում: Ի՞նչ սպասել:
– Եթե մենք նայենք դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքին, ապա մինչև մարտի 9-ը, լարին դոլարի նկատմամբ աճ էր գրանցում, բայց դա պայմանավորված էր Ազգային բանկի դրամավարկային քաղաքականությամբ, որն այն վարում էր անցած տարվա վերջին: Տոկոսադրույքը բարձրացվել էր մինչև 9 տոկոս, նրանք նաև նվազեցրել էին կոմերցիոն բանկերի համար դոլարով ավանդների նվազագույն պահուստի տոկոսադրույքը, սա մեծացրեց տնտեսության մեջ դոլարի զանգվածը և աստիճանաբար սկսեց դրականորեն ազդել տարադրամի փոխարժեքի վրա: Բայց մարտի 9-ին տեղի ունեցավ 2 բան, առաջինը՝ կորոնավիրուսը և դրա զանգվածային տարածումը Իտալիայում և ամբողջ Եվրոպայում: Երկրորդ պատճառը՝ մարտի 9-ին վերջին 10-15 տարվա ընթացքում տեղի ունեցավ նավթի գների ամենամեծ անկումը: Նավթի գները նվազեց 30-40%-ով: Այս երկու գործոնները ազդում են Վրաստանում փոխարժեքի վրա:
– Տնտեսության ո՞ր ոլորտներն են տուժում դրանից:
– Զբոսաշրջությունը Վրաստանի տնտեսության գերակա ոլորտներից մեկն է: 2018 թվականի վիճակագրության համաձայն զբոսաշրջությունը կազմում է ՀՆԱ-ի 11.3%-ը, ցավոք, 2019-ի համար մենք նման վիճակագրություն դեռ չունենք, բայց այնուամենայնիվ այն զգալի է: Եթե մենք դիտարկենք ոչ թե ՀՆԱ-ն, այլ արտարժույթի հոսքը դեպի Վրաստան, ապա զբոսաշրջությունը 2019 թվականին Վրաստան բերեց մոտ 3 միլիարդ դոլար շահույթ: Սա մոտավորապես նույնն է, ինչ արտադրանքի վերաարտահանումը, և սա ավելին է, քան այլ երկրներից Վրաստան դրամական փոխանցումները, գումարած օտարերկրյա ուղղակի ներդրումները, սա շատ մեծ թիվ է, և արտարժույթի ստացումը ուղղակիորեն ազդում է տարադրամի փոխարժեքի վրա, այնքան ավելի շատ արտարժույթ է մտնում Վրաստան, այդքան ավելի է ամրապնդվում լարիի փոխարժեքը: Երբ կորոնավիրուսը տարածվեց, այն սպառնալիք ստեղծեց հետագայում զբոսաշրջության համար, քանի որ մենք փակում ենք մեր սահմանները, զբոսաշրջիկները չեն ժամանի Վրաստան ոչ Եվրոպայից, ոչ Չինաստանից, ոչ էլ Ռուսաստանից, և այդ գումարներն արտարժույթով մուտք չեն գործի մեր երկիր:
Ինչ վերաբերում է նավթի գների անկմանը, մի կողմից՝ դա լավ է վրացական տնտեսության համար, մենք հանդիսանում ենք նավթի, բենզինի և դիզելի ներկրողը և մեզ ավելի քիչ դոլար հարկավոր կլինի՝ նույն քանակությամբ բենզին և դիզել գնելու համար, բայց մյուս կողմից՝ մենք ունենք շատ սերտ առևտրային հարաբերություններ Ռուսաստանի և Ադրբեջանի հետ, որոնք նավթ արտադրողներն են, և երբ նավթի գինը կտրուկ ընկնում է, դա անընդունելի կլինի նրանց տնտեսության համար և կանդրադառնա բացասաբար: Բացասաբար է անդրադառնում ինչպես իրենց տարադրամի փոխարժեքների, այնպես էլ վրացական արժույթի փոխարժեքի վրա: Ադրբեջանը և Ռուսաստանը, արտահանման և ներմուծման մեր խոշորագույն գործընկերներն են, ինչպես նաև Վրաստան դրամական փոխանցումների շուրջ 30%-ը կատարվում են Ռուսաստանից, որտեղից մեր քաղաքացիները կատարում են դրամական փոխանցումներ: Նման սերտ տնտեսական հարաբերությունների շնորհիվ այս պահին տուժում է նաև մեր արժույթը: Վերջերս ռուբլին շատ մեծ անկում է ապրում, և վրացական լարին կրկնում է նույն հետագիծը: Ինչ վերաբերում է ադրբեջանական մանաթին, ապա այժմ ոչինչ չի կատարվում, քանի որ նրանք ունեն ֆիքսված փոխարժեք, բայց ես կարծում եմ, որ եթե այս գինը պահպանվի, ապա որոշ ժամանակ հետո իրենք կանցկացնեն արժեքազրկում:
– Որոշ ապրանքների գներն արդեն իսկ զգալիորեն բարձրացել են, որքա՞ն երկար կտևի այսպիսի անկայուն վիճակը:
– Իմ կարծիքով, գները կբարձրանան կամ կընկնեն՝ կախված հենց ապրանքից: Օրինակ՝ այն ապրանքների գները, որոնց համար այժմ պահանջարկը շատ բարձր է, դա գյուղատնտեսական արտադրանքն է, որոնք երկար ժամանակ կարող են պահվել և նման խուճապի ժամանակ պահանջարկը մեծանում է: Կբարձրանան, օրինակ՝ կարտոֆիլի, մակարոնեղենի, բրնձի, հնդկաձավարի գները… Այլ ապրանքատեսակների, օրինակ՝ էլեկտրական տեխնիկայի, վառելիքի և այս պահին պահանջարկ չունեցող ապրանքների գները, ընդհակառակը՝ կիջնեն: Մենք այս տարի ունենք շատ տարօրինակ իրավիճակ, և ոչ միայն մեզ մոտ, կորոնավիրուսի և դրա հետևանքով առաջացած խուճապի պատճառով, մարդիկ մեծ քանակով սնունդ են գնում, դրանց գները բարձրանում են և մինչև այս վիրուսի և խուճապի ավարտն այս տենդենցը կշարունակվի, մնացածի պահանջարկը կընկնի:
– Իրավիճակի բարելավման հույս կա՞:
– Ես չեմ տեսնում իրավիճակի բարելավում, բայց գլխավորն այն է, որ մենք այժմ պետք է անցնենք կորուստների նվազագույնին հասցնելու գործընթացին: Կորուստների նվազագույնին հասցնելը՝ ինչպես տնտեսական, այնպես էլ մարդկային կյանքերի առումով: Սա է իրականությունը, թե Չինաստանը, թե Իտալիան, և թե Իսպանիան մեզ ցույց տվեցին այս պրակտիկան: Այսինքն, մենք դեռ, փառք Աստծո, այս վիճակագրություններում նրանցից առաջ չենք: Ինչ են անում այս երկրները՝ խթանում են տնտեսությունը:
– Ի՞նչ է անում Վրաստանը:
– Այն, ինչ այժմ անում է կառավարությունը, կարծում եմ, որ լավ պրակտիկա է, այն հիմնված է միջազգային պրակտիկայի վրա: Ի՞նչ են սրանով ուզում անել, նրանք փորձում են խթանել բիզնեսը, այս պահին բիզնեսից չեն հավաքում հարկեր: Հարկերը չեղյալ են հայտարարվում միկրոբիզնեսների համար, այն բիզնեսի համար, որոնք ներգրավված են զբոսաշրջության ոլորտում: Նրանք կարող են հարկեր չվճարել առաջիկա 2-3 ամիսների ընթացքում: Ինչը նրանց տալիս է լրացուցիչ իրացվելիություն: Նրանք պահպանել են իրենց տնտեսական ակտիվությունը՝ սա մեկ, և հետո ավելանում է այս բժշկական ծառայությունների ֆինանսավորումը, որոնք կապված են կորոնավիրուսի բուժման հետ… Այսինքն՝ բոլոր երկրները, որոնք տառապում են կորոնավիրուսից, բոլորն էլ ձեռնարկում են այդ քայլերը՝ տնտեսությունը խթանելու համար: Կարծում եմ, որ շուտով Ազգային բանկն արդեն կմտնի այս փուլ, և նույնպես կսկսի խթանել տնտեսությունը:
– Հնարավո՞ր է, որ Ազգային բանկը կարողանա դադարեցնել լարիի անկումը, ինչպես դա արվել էր որոշ ժամանակ առաջ:
– Ազգային բանկը դա արել է անցած շաբաթվա ընթացքում երկու անգամ՝ 20 օր առաջ և մոտ օրերս՝ 40 միլիոն դոլար: Այսինքն՝ Ազգային բանկը փորձում է փոքր-ինչ մեղմել տարադրամի արժեզրկումը, բայց կարծում եմ, որ դոլարի այդպիսի ներարկումները բավարար չեն: Մենք կարող ենք դա շարունակել մեկ ամիս, օրինակ, ամեն օր վաճառելով 20-40 միլիոն դոլար, դա կարող է որոշ ժամանակ օգնել, բայց մեկ ամսվա ընթացքում պարզապես մեր դոլարի պաշարները կվերջանան: Եվ դա մեզ վրա կանդրադառնա ավելի բացասական, քան արժույթի արժեզրկումը: Ամենակարևորը՝ լարին չպետք է ընկնի լիրայի, մանաթի, հայկական դրամի և ռուբլու նկատմամբ և այլն: Եթե արժույթը կայուն լինի, ապա մեզ համար գները չեն բարձրանա: Եթե լարին արժեզրկվի այս երկրների արժույթների հետ կապված, ապա դա մեզ համար խնդիր կդառնա և տարադրամի փոխարժեքը կվերածվի գնաճի, բայց մյուս կողմից՝ բնակչության պարտքերի 60%-ը դոլարով են, իսկ երբ դոլարը թանկանում է, կոմերցիոն բանկերի համար ավելի դժվար է դառնում այդ պարտքերը մարել: Եվ սա դոլարայնացման խնդիրներից մեկն է:
Քրիստինե Մարաբյան