Դեկտեմբերի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Թբիլիսիի Կովկասի համալսարան։ ՀՀ դեսպանին ընդունել է համալսարանի նախագահ Կախա Շենգելիան։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայստանի դեսպանությունը։
Կ. Շենգելիան ներկայացրել է համալսարանական առօրյայի և գիտակրթական գործունեության կազմակերպման համար բուհում ստեղծված պայմանները։ Նա նաև անդրադարձ է կատարել համալսարանի շենքի պատմությանը` նշելով, որ 1911-1924 թթ. այս շենքում է գործել Թբիլիսիի Ներսիսյան ճեմարանը։ ՀՀ դեսպանը կարևորել է հայ ժողովրդի համար խորհրդանշական նշանակություն ունեցող շենքի նկատմամբ հոգատար վերաբերմունքը։
Կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի համալսարանների միջև համագործակցության խորացման ուղիները, մտքեր փոխանակել համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունների վերաբերյալ։