Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցներում դեռևս դասավանդում են պրակտիկոս ուսուցիչները, ովքեր չեն կարողացել բարձրացնել իրենց ուսուցչի կարգավիճակը: ԿԳ նախարարությունը ևս մեկ անգամ հնարավորություն է տալիս նրանց փորձել բարձրացնել ուսուցչի կարգավիճակը և մնալ համակարգում։

Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնից JNEWS-ին հայտնեցին, որ ոչ վրացալեզու դպրոցների պրակտիկոս ուսուցիչները ևս մեկ ունեն հնարավորություն իրնեց կարգավիճակը բարձրացնելու:

«Այս պահի դրությամբ իրավիճակն այսպիսին է՝ ոչ վրացալեզու դպրոցների պրակտիկոս ուսուցիչները կմնան համակարգում մինչև 2023 թվականի ավարտը: Ինչ վերաբերում է կարգավիճակի բարձրացմանը, ապա նրանց համար վերջնաժամկետ է համարվում 2023 թվականի ուսումնական տարվա ավարտը, այսինքն՝ երբ ավարտվում են դասերը և սկսվում քննությունները: Եթե այդ ժամանակ էլ չկարողանան բարձրացնել ուսուցչի կարգավիճակը, ապա համակարգում կմնան մինչև 2023 թվականի ավարտ, որից հետո նրանց աշխատանքային տեղի համար կհայտարարվի թափուր հաստիք»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ կրթության և գիտության նախարարը խորհրդարանում խոսել էր ուսուցիչների որակավորման մասին և նշել, որ համակարգում այլևս չկան այնպիսի ուսուցիչներ, ովքեր չեն կարողացել բարձրացնել իրենց կարգավիճակը։ Սակայն այս հայտարարությունը չի վերաբերվում ոչ վրացալեզու դպրոցների պրակտիկոս ուսուցիչներին: